Վարչական իրավախախոտւմների վերաբերյալ օրենսգրքի 180․1 հոդվածը սահմանում է, թե հավաքներ անցկացնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու համար ինչպիսի պատասխանատվություն է սահմանված։
Նշված հոդվածը վերջին անգամ խմբագրվել է 2011-ին։
1. Առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
2. Իրազեկման մեջ նշված տվյալների փոփոխությունների մասին օրենքով սահմանված ժամկետում համայնքի ղեկավարին չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:
3. Հավաքը Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության նստավայրերի, դատարանների կամ քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
4. Հավաքը «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կամ գազի ստորգետնյա պահեստարանների կամ դրանց սպասարկման կառույցների կամ «Օրբիտա 2» վերգետնյա արբանյակային կայանի անվտանգությանը սպառնացող հեռավորության վրա չանցկացնելու վերաբերյալ համայնքի ղեկավարի կամ ոստիկանության ներկայացուցչի պահանջներին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
5. Համայնքի ղեկավարի` հավաքը սահմանափակումներով անցկացնելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
6. Համայնքի ղեկավարի` հավաքն արգելելու մասին որոշումը չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի կամ ղեկավարի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
7. Ինքնաբուխ հավաք անցկացնելու մասին ոստիկանությանն անհապաղ չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
8. Շտապ հավաքի կազմակերպչի կողմից հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին համայնքի ղեկավարին և ոստիկանությանը չտեղեկացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում հավաքի կազմակերպչի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
9. Ինքնաբուխ և շտապ հավաքների անցկացման համար օրենքով սահմանված առավելագույն ժամկետը ավելի քան 1 ժամով գերազանցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
10. Օրվա որոշակի ժամերին (ժամը 22.00-ից մինչև 8.00-ն) բնակելի շինություններին, հիվանդանոցներին, գիշերօթիկ դպրոցներին և գիշերելու համար նախատեսված այլ շենքերին հարող տարածքներում հավաքների անցկացումն անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով զուգորդելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
11. Հավաքի մասնակցի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
12. Հավաքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված իր պարտականությունները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
13. Հավաքի կարգադրիչների կողմից տարբերանշաններ չկրելը կամ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
14. Հավաքի կարգադրիչ չհանդիսացող անձի կողմից կարգադրիչի տարբերանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև երեսնապատիկի չափով:
15. Հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
16. Ծառայողական համազգեստով հավաքին մասնակցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում զինված ուժերում, ոստիկանությունում, ազգային անվտանգության և դատախազության մարմիններում ծառայողների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
17. Առանց բռնություն գործադրելու կամ այն գործադրելու սպառնալիքի օրինական հավաքներին մասնակցելուն խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
18. Արգելված հավաքին մասնակցել քարոզելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
19. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ (համայնքի ղեկավարի պահանջների մասով), ինչպես նաև 5-րդ և 6-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է համայնքի ղեկավարը:
20. Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ (ոստիկանության ներկայացուցչի պահանջների մասով), 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ մասերով սահմանված իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները կազմում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր պաշտոնատար անձը: