Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հիմքերի բացակայության պատճառով մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։
Դատարանի բակում էին քաղաքապետի աջակիցները, որոնց ծափահարություններով դիմավորեցին նրան։ Մանվել Փարամազյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց այս օրերին իր կողքին կանգնելու համար։
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդու առևանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ): Նշված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 5 անձի: