Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել առցանց քննարկում հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» (ԲԿԳ) ազգային գործողությունների 5-րդ ծրագրի մշակմանը»՝ լավ կառավարման և արդարադատության ոլորտի վերաբերյալ։
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն 2020-2022թթ. ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Արմավիրի զարգացման կենտրոն», «Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից՝ «ԲԿԳ» Առաջակցության ստորաբաժանման աջակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել կառավարման համակարգի բարելավմանը, խթանել վերջինիս արդյունավետությունը՝ բարձրացնելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության մակարդակը: Հիշյալն իրականացնելու համար կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մշակում են գործողությունների պլաններ՝ սահմանելով հստակ միջոցառումներ, որոնք ուղղված են Նախաձեռնության նպատակների նվաճմանը։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Անի Հարությունյանը իր բացման խոսքում նշել է, որ «Արմավիրի զարգացման կենտորն» ՀԿ-ն ձևավորել է կոնսորցիում Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Տեղեկատվության ազատության կենտրոնի հետ՝ աջակցելու ԲԿԳ 5-րդ ծրագրին, կառավարությանը դարձնելու առավել հաշվետու: Նա նշեց, որ 2018թ. կենտրոնը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացրել է ծրագիր՝ նվիրված «Բաց կառավարման գործընկերության» ազգային գործողությունների 4-րդ ծրագրի համատեղ մշակմանն ու իրականացմանը:
Ծրագրի նպատակն է եղել ստեղծել տեղական և ազգային մակարդակով հանձնառությունների փաթեթ, որը կնպաստեր Կառավարության գործունեության հրապարակայնությանը, թափանցիկությանը, մասնակցայնությունը: Նա նշեց, որ 5-րդ ծրագրի մեկնարկին կարևոր են համարում բարելավել ծրագրի համատեղ մշակման գործընթացը, ապահովել բազմակողմ, բոլոր շահագրգիռ կողմերի երկխոսություն և հետադարձ կապ, բարձրացնել ԲԿԳ խնդիրների մասին իրազեկվածության մակարդակը:
Անի Հարությունյանը հստակեցրել է, որ առաջիկա 5-րդ ծրագրի նպատակն է աջակցել համայնքային և ազգային մակարդակով հանձնառությունների հավակնոտ ծրագրի մշակմանը՝ ի նպաստ Կառավարության թափանցիկության և հաշվետվողականության, կառավարության պատասխանատվության և քաղաքացիների ներգրավվածության բարձրացմանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ՀՀ կոնտակտային անձ Լիլիա Աֆրիկյանը ներկայացրել է ԲԿԳ-Հայաստան հարաբերությունները։ Նա նշել է, որ արդարադատությունը ԲԿԳ հիմնական ուղղություններից մեկն է և ԲԿԳ 80 երկրների հանձնառությունների երեսուն տոկոսը վերաբերվում են արդարադատությանը: ՀՀ-ն նախորդ 4 ծրագրերի շրջանակներում ունեցել է նվազագույնը երեք արդարադատության հանձնառություն:
Բանախոսի խոսքով՝ անկախ առաջնահերթություններից կամ մարտահրավերներից, արդարադատությունը Կառավարության համար գործունեության հիմնական ուղղությունների շարքում է:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը զեկույցի առաջին հատվածում անդրադարձավ խոսքի ազատությանը և ազատ արտահայտվելուն, ինչը, բանախոսի փոխանցմամբ՝ մարդու իրավունքների և արդարադատության ոլորտի հիմնաքարն է, առանց որի մնացյալը կրում է հռչակագրային բնույթ:
«Հարկ է կարևորել ազատ արտահայտվելու իրավունքը, որի բաղադրիչներից է խոսքի ազատության իրավունքը: Սա ներառում է նաև միավորվելու, տեղեկություն ստանալու, տարածելու իրավունքը: Պատերազմի շրջանում ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակվեց, և նույնիսկ այսպես կոճված խաղաղության փաստաթղթի ստորագրումից հետո միևնույն է որոշ ժամանակ սահմանափակումները պահպանվեցին:
Դոյդոյանի փոխանցմամբ 62 քաղաքացի և 12 կազմակերպություն տուգանվել են խոսքի ազատության իրավունքը չարաշահելու համար, և տուգանքները եղել են բավականին բարձր: Սակայն, տուգանքը վերջին ծայրահեղ միջոցն է, որին պետք է դիմի պետությունը: Այս մասով բանախոսն առաջարկեց, որպեսզի քաղաքացիական հասարակությունն իրականացնի փաստերի ստուգման, նորությունների գրագետ սպառման գործընթաց՝ քաղաքացիներին օգնելով տարբերել կեղծիքը ճշմարտությունից»,-նշել է նա:
Շուշան Դոյդոյանն առաջարկեց օգտագործել պրոակտիվ ու ռեակտիվ ուղղությունները՝ մեկը՝ պետության, մյուսը՝ քաղաքացու ձեռքին: Սրանք ապատեղեկատվության դեմ հիմնական գործիքներն են, որոնց միջոցով հարցման հիման վրա քաղաքացին պետությունից ստանում է առաջնային աղբյուրի տեղեկատվություն՝ այսպիսով պայքարելով ապատեղեկատվություն կոչվող չարիքի դեմ: Որպես էլեկտրոնային, արագ և հուսալի գործիք՝ բանախոսը բերեց e-request.am պաշտոնական կայքի օրինակը:
«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը նշել է, որ խոսքի ազատության և ապատեղեկատվության տարածման հետ կապված ես կողմ եմ կոշտ միջոցառումներին: Այսօր կա ատելության խոսք, որը մարդիկ շփոթում են խոսքի ազատության հետ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի ծրագրային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը իր զեկույցում ներկայացրեց ՀՀ արդարադատության ոլորտի կառուցվածքին, որում առկա էր նաև էլեկտրոնային արդարադատությունը: Նա նշեց, որ ԲԿԳ 5-րդ ծրագրի շրջանակներում արդարադատության ոլորտի հանձնառությունները կապում է հենց էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման հետ:
«2019-2023թթ. դատաիրավական ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրում առանձնացվել են դատավորների, ՍԴ և ԲԴԽ անդամների բարեվարքության ստուգման նոր կարգը և չափանիշները, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծումը, «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը, հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծումը, ձաստահավաք հանձնաժողովի ձևավորումը, ինչպես նաև առանձնապես կարևորվել է էլեկտրոնային արդարադատությունը»,-նշել է նա:
Միջազգային փորձի մասով բանախոսը նշել է, որ հանձնառությունների կեսից ավելին կենտրոնացված են դատաիրավական բարեփոխումների վրա, որոնք կառավարումը դարձնում են առավել մատչելի և հասանելի:
Փորձագետ Մարիամ Զադոյանը քննարկման ընթացքում նշեց, որ COVID-19-ով պայմանավորված խոցելի խմբերն ավելի խոցելի են դառնում, հետևաբար լուծումները պետք է լինեն ավելի մարդակենտրոն և կարիքակենտրոն:
«ԲԿԳ-ն մշակել է մեխանիզմներ՝ պետության բաց արձագանք և պետության բաց վերականգնում: ԲԿԳ շրջանակներում համաճարակի հետ կապված առաջարկների հավաքագրումն իրականացվում է հետևյալ հենասյուների հիման վրա. Տվյալների հավաքագրում, արդարադատության հասանելիություն, բաց և հաշվետու արդարադատություն, կարողություններ և ֆինանսավորում, համագործակցություն և գոևծընկերություն»,-նշել է նա:
Մարիամ Զադոյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային արդարադատությանը, որի ներքո հասկանում է համակարգ, որը հնարավորություն է տալիս համաճարակային պայմաններում կազմակերպել փաստաթղթաշրջանառություն, հեռահար դատական նիստեր, վիճակագրություն:
«Հայաստանում հեռահար նիստերի անցկացման նախադեպեր կան: Իսկ վիճակագրության մասով՝ բանախոսը փաստեց, որ կան թերություններ, տվյալները բավարար չափով բաց չեն և հնարավոր չէ դրանց հետ որոշակի գործողություններ կատարել: Վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմները Հայաստանում տարածված չեն: Այս մասով կիրականացվի մեդիատորների՝ հաշտարարների վերապատրաստումներ:
Եվ երրորդը՝ արդարադատության ոլորտի դերակատարների բարեվարքության ապահովում»,-նշել է Զադոյանը:
Քննարկման մասնակիցները պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա աշխատանքի հետ կապված։