«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմել է հայկական բանակին, ուժային կառույցներին

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դիմել է հայկական բանակին, ուժային կառույցներին.

Երկու օր է՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի հավաքը, որի մասնակիցների օրըստօրե նվազող թիվը ավելի է սրում դրանց կազմակերպիչների հռետորաբանությունը։ Խոսքի քաղաքական սնանկությունը, որպես հետևանք հասարակության անտարբերությունը հիշյալ ուժերի մտադրությունների և գործողությունների նկատմամբ, բացահայտում է այս ուժերի և նրանց հովանավորների հակասահմանադրական, հակապետական, ընդհուպ կազմակերպված բախումների միջոցով հեղաշրջման հասնելու նրանց իրական մտադրությունը։

Ամբողջությամբ օբյեկտիվ և իրավաչափ գնահատելով հավաքի մասնակից քաղաքական ուժերի և անհատ գործիչների քաղաքական պահանջները, այդ թվում վարչապետի հրաժարականի վերաբերյալ, այնուամենայնիվ անթույլատրելի ենք համարում երրորդ հանրապետության առաջին վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցրած, իսկ այժմ վարչապետի թեկնածու առաջադրված անձի նախօրեին արված հայտարարություն-կոչը ոստիկանությանն ու բանակին։

Որպես սեփական չհիմնավորված ամբիցիաների բավարարման միջոց՝ անվանարկված քաղաքական կոնտենտի ղեկավարների կողմից ուժային կառույցներին և իրավապահ մարմիններին կոչեր են հնչում հրաժարվել իրենց պարտականությունների կատարումից և միանալ իրենց։

Անդառնալի կորուստներով և աղետալի պարտությամբ ավարտված պատերազմն աննկարագրելի չափերի անվտանգային խնդիրների է առաջացրել հայկական զույգ պետությունների համար, ուստի այս օրհասական պահին բանակին ուղղված քաղաքական նմանօրինակ կոչը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն սեփական երկրի, սեփական ժողովրդի, ապագայի առջև։

Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի իշխանությունը, պետության ինքնիշխանությունն ու ժողովրդավարական քաղաքական համակարգը մնում են գերակա արժեքներներ, որոնց նկատմամբ ոտնձգությունը հավասարազոր է պետական դավաճանության, հետևաբար՝ իշխանության հասնելու ճանապարհին բռնի միջոցների կիրառումը չի կարող որևէ արդարացում ունենալ և ենթակա է դատապարտման։

Վստահ ենք, որ բանակն ամբողջությամբ և զինվորականությունը ի մասնավորի՝ գիտակցելով պահի լրջությունը սրբորեն կատարելու են երդմամբ ստանձնած պարտականությունը հայրենիքի հանդեպ։

Ազգովի՝ արդեն մի քանի ամիս է, ապրում ենք բանակի, սպաների, զինվորների նկատմամբ առանձնահատուկ սիրով և գորովանքով։ Բանակի անխտիր բոլոր նվիրյալ զինվորականներին ցանկանում ենք հավաստիացնել, որ որպես քաղաքական ուժ երկրի կայունացումից հետո գործող իշխանությունից պահանջելու ենք արժանվույն նյութական և բարոյական գնահատանք և արժանապատիվ սոցիալական ապահովության հավելյալ միջոցներ՝ զինվորական ծառայությանը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոչ է անում ՀՀ պետական համակարգի բոլոր գերատեսչությունների և ստորաբաժանումների ծառայողներին, ուժային կառույցների և իրավապահ մարմինների աշխատակիցներին դրսևորել սեփական պատասխանատվության բարձր գիտակցում, չտրվել քաղաքական շահարկումների, շարունակել իրականացնել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և ՀՀ քաղաքացիների կողմից իրենց վստահված կարևորագույն գործառույթները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել