Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում վարչական շրջանում բնակվող 57-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, նռնակի պայթուցիչ, 5․45 մմ տրամաչափի 270 փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել տարիներ առաջ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Նոր Նորքի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Երևանում բնակվող 27-ամյա մի երիտասարդ դեկտեմբերի 22-ին բաժնում կամավոր հանձնել է պայթուցիչով «Ֆ-1» տիպի նռնակ, որն ըստ նրա՝ բերել էր Արցախից։
Գավառում բնակվող 24-ամյա մի երիտասարդ էլ տեղի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժնում հանձնել է գործարանային համարով «Մակարով» ատրճանակ, որն ըստ նրա՝ բերել էր Արցախից։
Կապանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում բաժին են եկել երկու տղամարդ, որոնք կամավոր հանձնել են նռնականետ ու կարճեցված փողով և խզակոթով հրացան։ Նրանց հայտնածով՝ նռնականետն ու հրացանը բերել են Արցախից։
Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Կոտայք գյուղում բնակվող մի երիտասարդ կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած ինքնաշեն ատրճանակն ու ինքնաձիգի 25 փամփուշտը։
Գործարանային համարով հրացանը ոստիկանության Արտաշատի բաժնում կամավոր հանձնել է Մրգավետ գյուղում բնակվող մի տղամարդ։ Նրա հայտնածով՝ հրացանը պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։
Գործարանային համարով հրացան է կամավոր հանձնվել նաև ոստիկանության Արմավիրի բաժնում։ Այն բաժին բերած Նոր Արմավիր գյուղի բնակիչը հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ հորը։
Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Շենիկ և Լեռնագոգ գյուղերի երկու բնակիչ կամավոր հանձնել են պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչփի և հրազենների 90-ից ավելի փամփուշտ, որոնք, նրանց հայտնածով բերել են Արցախից»,- նշվում է հաղորդագրության մեջ։