ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է․
«Դեկտեմբերի 23-ին կազմակերպել էր առցանց սեմինար՝ նվիրված Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգի (http://armsis.cas.am/) ներկայացմանը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) hայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ-2) երկրորդ ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Արման Խոջոյանը, մասնավորապես, նշել է․ «Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգը մշակվել է հողային ռեսուրսների օբյեկտիվ գնահատման անհրաժեշտությունից, որը հիմք կհանդիսանա գյուղատնտեսական քաղաքականության բարելավման, հողի շուկայի զարգացման, ինչպես նաև հողերի դեգրադացման կանխման և նոր ներդրումների ներգրավման համար»։
Էկոնոմիկայի փոխնախարարի խոսքով՝ ծրագրի շրջանակներում Հայաստանի հողերի վիճակի լիարժեք ներկայացման համար իրականացվել է հողային պրոֆիլների (կտրվածքների) քանակի և դրանց տարածական բաշխման գնահատում, հողային պրոֆիլների արխիվային տվյալների թվայնացում, տվյալների շտեմարանի ստուգում` տեղեկատվության ամբողջականությունն ու ճշտությունն ապահովելու համար, Հայաստանի հողային քարտեզի սկանավորում, գեոկապակցում, թվայնացում, քարտեզների որակի, տվյալների ամբողջականության և տոպոլոգիական ճշգրտության ստուգում։
«Ծրագրի շրջանակներում թվայնացվել են վերջին տարիներին իրականացված հողերի ագրոքիմիական անալիզների շուրջ 5 հազար տվյալներ, որոնք, ընդհանուր առմամբ, ծածկում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերի շուրջ 800 համայնքներ։ Արդյունքում ստեղծվել են հողերի հատկանիշների վերաբերյալ ազգային թվային քարտեզներ և ներդրվել է Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգը», – հավելել է Արման Խոջոյանը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից «GCP/GLO/853/RUS Հողերի կայուն կառավարման խթանմանն աջակցություն Հողերի գլոբալ գործընկերության (GSP) շրջանակներում. Երկրորդ փուլ» ծրագրով և ընտրվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Հողերի Գլոբալ Գործընկերության (GSP) կողմից՝ մրցութային սկզբունքով։
Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգի կայքն առայժմ հասանելի է անգլերեն լեզվով, սակայն առաջիկայում նախատեսվում է նաև հայերեն տարբերակի պատրաստումը»։