Ինչպե՞ս դու կարող ես սիրես հողի կտորը և ատես քո ազգակցին և դրա անունը դնես հայրենասիրություն. Գևորգ Գյոզալյան

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՆ ՄԱՍԻՆ

Պատերազմի ժամանակ մի հետաքրքիր զգացմունք կար տղերքի մոտ՝ սիրո ու ջերմության զգացմունքն էր իր տեսակի իր ազգակցի հանդեպ: Դրա շնորհիվ տղերքի մոտ շատ շուտ ձևավորվում էր փոխըմբռնում: Կային բազմաթիվ խնդիրներ, որոնք հարցեր էին առաջացնում, բայց մի բան աներկբա էր՝ բոլորս եղբայրներ ենք և բոլորիս սիրտը ցավում էր միմյանց համար:

Քոչարյան Տիգրանը, 19 տարեկան ՏՂԱ, ով կորցրել էր իր ընկերներին հերթական արտ. հրետակոծության ժամանակ և շատ բան էր տեսել, որը այդ տարիքում սովորաբար չեն տեսնում, երբ մեր խումբը բարձրանում էր դիրքեր, վազքով չգիտեմ որտեղից եկավ և գրկախառնվեց, որպեսզի «հոպարներին» հաջող ասի: Մեկ այլ ՏՂԵՆ, դուրս գալով իր թաքստոցից, վազեց դեպի վիրավոր «հոպարը», որպեսզի նրան տանի անվտանգ տեղ (թեև մեծ էր վտանգը կրկին հրետակոծվելու): Սիրո նման դրսևորում, անշուշտ արցունք էր առաջացնում: Մեր զինվոր մյուս ՏՂԵՐՔԸ ամեն մեկը յուրովի փայլում էին իրենց տեղում, որոնց վերաբերյալ, եթե գրվի, ապա միայն գրքի ձևաչափով:

Մի բան ակնհայտ էր, որ հայրենիք ասվածը, թեև լռելյան, թեև չսահմանված, բայց նախ և առաջ սերն էր դեպի իր տեսակը և բոլոր գործողություններն ուղղված էին իր տեսակի փրկության համար: Հայրենիք ասածը սիրով լցված այդ ՏՂԵՐՔՆ ԷԻՆ, որտեղ ամենաթեժ պահերին անգամ հումորն ու լավատեսությունը չէր պակասում:

Սա ինձ համար կողմնորոշիչ է, քանի որ եթե դու ատում ես քո տեսակին, քո ազգակցին, պահ ես ման գալիս, որ ատելությունդ բռնության, նենգության, խորամանկության տեսքով թափես ազգակցիդ գլխին, ապա ի՞նչ հայրենասիրության մասին է խոսքը: Ինչպե՞ս դու կարող ես սիրես հողի կտորը և ատես քո ազգակցին և դրա անունը դնես հայրենասիրություն:

Հողը անշուշտ օգտակար բան է, բայց միայն հողը հայրենիք չէ, ո՞ւմ է պետք է այդ հողը, եթե դրանում ԱԶԱՏ ձևով չեն ապրելու և արարելու քո ազգակիցները: Նույն սկզբունքով ո՞ւմ է պետք քարեղեն տաճարը, եթե դրանում չեն աղոթելու հավատացյալները: Օրինակ, ես տաճար եմ մտնում ոչ թե նրա համար, որ տեսնեմ հոգևորականին կամ քարեղենի ձեռակերտությունը, այլ, որ լռելյան փոխկապակցվեմ իմ մյուս եղբայրների և քույրերի հետ, որոնք լռելյան աղոթում են տաճարում: Նույն սկզբունքով ես ապրում եմ Հայաստանում ոչ թե նրա համար, որ այստեղի բնությունը իմ սրտին մոտ է, կամ որ այստեղ առկա են բարեկեցիք կյանքին վայել պայմաններ, այլ որ իմ տեսակի մեջ ես ինձ լավ եմ զգում:

Բայց արի ու տես, որ Հայաստանի քաղաքներում մեր տեսակը ատում է միմյանց, ատում է այն աստիճանի, որ ընկերը ընկերից բաժանվել է ինչ-ինչ քաղաքական հարցերի պատճառով: Այս դրսևորումները, էլ ավելին Երևան քաղաքում են, որտեղ փողոցի խուժանը մարդ է ծեծում, փորձելով սպանել նրան, մեկ այլ խուժանը բարձրաձայն հայհոյում է իր ազգակիցներին, իսկ մնացածը ծափահարում են: Այստեղ քաղաքական հարցը իրականում քաղաքական չէ, այլ ատելության հարց է, որի անունը դրել են «հայրենասիրություն» և հարմար պատրվակ է նմանին պատառ-պատառ անելու համար:

Ակունքն այս ամենի, ըստ իս, նյութապաշտությունն է (որն ի դեպ կռապաշտության է հավասարեցվում), զրկված լինելն է, իր նկատմամբ դրսևորված հին ատելությունն է, որին այժմ կարող է հակադարձել: Այս պառակտումը կարծես թե առաջ եկավ 90-ականներից սկսած, ՀՀ քաղաքներում, երբ հայու տեսակը հնարավորություն ստացավ ինքնուրույն ձևավորել իր իշխանություններին և որից հետո մենք մեզ սկսեցինք ատել, քանի որ կարծեցին, որ ինչո՞ւ “հայրենասիրության” անվան տակ չգան իշխանության, որպեսզի վայելեն այդ իշխանության առավելությունները:

Այս ատելության պայմաններում ունի՞ ազգը հնարավորություն առաջ շարժվելու, իր մի կտոր հողում բարեկեցիկ կյանք կառուցելու, չգիտեմ: Բայց, որ նյութապաշտությունը և անցյալի պատրանքները, որոնք և սնում են այդ ատելությունը, այս ազգի համար կործանարար է, գոնե ինձ մոտ կասկած չի հարուցում:
Հ.Գ. – Բոլորին խնդրում եմ այս հրապարակախոսության տակ չանել այնպիսի մեկնաբանություններ, որոնք ատելության նշույլ ունեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել