Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«… հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։
Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։
Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»։
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում սաղաթելյանը հայտարարել է․ «Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 18:00-ն պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը: Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը, մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք։ Քիչ հետո մենք կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անունները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիները ազատ են իրենց գործողություններում, իրենց որոշումներում: Եթե հանրային պահանջը իրենք չեն գիտակցում, ուրեմն ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ: Եթե իրենք չեն հասկանում, որ իրենց քվեարկությունից ու պահվածքից կախված է մեր երկրի ճակատագիրը, մենք միասին պետք է հասկացնենք։ Մենք պատրաստ ենք շուրջօրյա հանրահավաքների և ցույցերի։ Եթե մեր պահանջն այսօր չի բավարարվելու, մենք գիշերը մնալու ենք հրապարակում: Հանրահավաքը շարունակվում է, տրամադրվեք, մեզնից մի մասը գիշերելու է այստեղ, վաղվա քայլերի ու գործողությունների մասին կասենք ավելի ուշ։ Հաղթանակը շատ մոտ է»,- նշել է Սաղաթելյանը։