Մեծ է հավանականությունը, որ 2021-ին Հայաստան կգան խոշոր ներդրումներ ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլև տարածաշրջանային կորպորացիաներից. թուրքագետ

Թուրքագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմի օրերին մտածում էի՝ գրել հայկական կողմի պարտության դեպքում մեզ սպասվող հետևանքների մասին, բայց լռեցի, որ հանրության մեջ բացասական էմոցիաներ չմտցնեմ։

Պատերազմից հետո էլ երկար ժամանակ չէի համարձակվում գրել այն, ինչ տեսնում եմ ապագայում, բայց ստիպված եմ։

Ռազմաքաղաքական ձախողումից հետո Հայաստանն ունենալու է երկու հիմնական ճանապարհ՝ տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամ կամ մեծ փողերի հոսք մեր երկիր՝ հաղթահարելու պարտվողական բարդույթները։

Երկուսն էլ, ըստ իս, մեզ համար կործանարար են։

Մեծ է հավանականությունը, որ 2021-ին Հայաստան կգան խոշոր ներդրումներ ոչ միայն միջազգային կազմակերպություններից, այլև տարածաշրջանային կորպորացիաներից։ Անարդարության դեմ բողոքող էթնիկ հանրությանը քնեցնելու լավագույն ուղին փողն է։

Չեմ բացառում, որ 2021-ին Թուրքիան կհայտարարի Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորության մասին։ Դա, իհարկե, հատուկ ոգևորությամբ կընդունվի ներհայաստանյան որոշ շրջանակների կողմից, քաղաքական գործիչները կկանխորոշեն Հայաստանի պայծառ ապագան, ամբոխն էլ դա կանվանի մեր երկրի նոր դարաշրջանի սկիզբ։

Իմ կարծիքով, Թուրքիայի հետ սահմանի բացումը այս ժամանակաշրջանում սկիզբ է դնելու այդ երկրի կողմից Հայաստանի օկուպացիային տնտեսական միջոցներով։

Վրաստանի օրինակին նայեք։ Տնտեսական ու սոցիալական դրական աճ ունեցող երկիր, որտեղ չկա Վրաստան։

Վստահ եղեք, այսօրվա պայմաններում սահմանը բացելուց կարճ ժամանակ անց ձեր փողոցում, շենքում, համայնքում պարբերաբար կտեսնեք թուրք սեփականատերերի, մոտակա խանութների վրա ավելի ու ավելի հաճախ կհայտնվեն Թուրքիայի դրոշներ, թուրքերեն խոսքը աստիճանաբար կդառնա սովորական, թուրքական ռեստորանները մեծ թափ կհավաքեն Երևանում ու խոշոր քաղաքներում։

Երբեմն լսում եմ, թե «Ադրբեջանին կհանձնվի Սևանա լճի մի մասը»։ Դրա կարիքը չի լինի։ Ընդամենը թուրք կամ ադրբեջանցի գործարարները վարձակալությամբ կվերցնեն Սևանա լճի առափնյա տարածքները, կբարեկարգեն ավելի լավ, քան հայերն են անում, թուրքական քաղցր-մեղցր ձևերով կգրավեն մարդկանց, և վերջ։ Տարածք հանձնելու կարիք չկա, այն արդեն հանձնված է։

Երբ թուրքական տնտեսությունը հետևողականորեն կլանի մեր երկիրն ամբողջությամբ, երբ հայ մարդիկ երջանիկ լինեն իրենց փողով ու թվացյալ տարածաշրջանային համերաշխությամբ, ադրբեջանաթուրքական «քաղցկեղը» ներսից խժռած կլինի հայկական իմունիտետը, ոչնչացրած կլինի մեր ազգային արժեքների նկատմամբ հարգանքը, պետականությունը ամբողջությամբ ծնկի կգա, ինչպես այսօր Վրաստանում է։

Մեղադրում ենք Վրաստանին, որ պատերազմի ժամանակ մեր առաջ փակեց իր ճանապարհները։ Իսկ հարց տվե՞լ եք՝ ուրիշ ելք ունե՞ր։

Վրաստանը կարո՞ղ էր ինքնուրույն որոշել։

Ազգային ուղուց շեղված ու առաջնահերթ ամբոխավարության և նյութականության մասին մտածող երկրներում ազգի վերջնական կործանումը կես քայլ է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել