Ինչպես օրեր առաջ հայտարարվել էր արդեն, Երևանում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հունվարից։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դեկտեմբերի 22-ին՝ ավագանու նիստի ժամանակ, հայտնեց, որ 30 ավտոբուս արդեն մայրաքաղաքում է, ևս 30-ը կլինեն հունվարին, 40-ը՝ փետրվարին: Մարությանի խոսքով՝ ավտոբուսները ստանալուց մեկ ամիս անց դրանք կշահագործվեն: «Հունվարից որոշ գծեր փակվելու են, և այս ավտոբուսների շահագործումը կկոմպենսացնի այդ բացը, կլինեն նոր ուղղություններ»,- ասաց Մարությանը:
Քաղաքապետը հայտնեց նաև, որ տրանսպորային նոր ցանցը նախատեսում է 850 շարժակազմ՝ և՛ տրոլեյբուսներ, և՛ ավտոբուսներ, բայց նոր ցանցը հնարավոր կլինի շահագործել, երբ կներկրվեն բոլոր ավտոբուսները: «Եթե ամբողջ շարժակազմը չլինի, ցանցը չի աշխատի: Մենք պլանավորում ենք մինչև վերջնական շարժակազմը լինելը՝ ընթացիկ, անցումային ցանց ունենալ, և երբ կհամալրվի շարժակազմը, տրամսպորտային նոր ցանցն ամբողջովին կշահագործվի»,- ասաց քաղաքապետը:
Հունվարի վերջին կհայտարարվի 8.5 մետրանոց 161 ավտոբուսների ձեռքբերման նոր մրցույթ, մատակարարումը կլինի 4-ից 6 ամսվա մեջ, եթե այլ խանգարող հանգամանքներ չլինեն: Դրա համար նախատեսվելու է 7 մլրդ-ից ավելի գումար, և Երևանը դա անելու է իր բյուջեով, ինչպես վերջին 100 ավտոբուսներինը, որի ձեռքբերման համար ծախսվել է 1 մլրդ 825 մլն դոլար՝ նախատեսված 2 մլրդ-ի փոխարեն: «Եթե այդ 161-ն էլ գան, կլինի 261, գումարած այս պահին շահագործվող չինական 249 ավտոբուսները, որոնք ներմուծվել են 9 տարի առաջ»,- նշեց նա՝ հավելելով, որ մինչև հաջորդ տարեվերջ կհայտարարվի նաև 12 մետրանոց ևս 100 ավտոբուսի մրցույթ: