Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում։ Այդ շարքերը համալրել և համալրում են տասնյակ կազմակերպություններ, ընկերություններ և կառույցներ, մշակութային, գիտակրթական միություններ ու հաստատություններ։ Վերջին մի քանի ժամում համազգային գործադուլին են միացել ավելի քան երկու տասնյակ ընկերություններ:
Պետության ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները որպես մարտահրավեր դիտարկող տնտեսվարողներն ու կազմակերպությունները համոզված են, որ օր առաջ պետք է կասեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը, ինչի հետևանքով կորցրել ենք Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։
Գործադուլին միացած ընկերություններն ահազանգում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին։ Բյուջեի ճեղքվածքը, համատարած թանկացումները, դրամի արժեզրկումը, պետական ահռելի պարտքը, ՀՆԱ-ի նվազող ցուցանիշներն ու տասնյակ այլ մարտահրավերներ հարցականի տակ են դրել երկրի ապագան։
Միացի՛ր գործադուլին և դասադուլին:
Միացի՛ր հազարավոր քաղաքացիներին Հանրապետության հրապարակում՝ այսօր, ժամը 12:00-ին:
Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը»: