Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը հետաձգվել է ու նշանակվել վաղը՝ 10:30-ին, քանի որ այսօր վարույթն իրականացնող մարմինը չի ներկայացել։  Այս մասին Իրավաբան․net-ին փոխանցեց Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Ձերբակալման մասին փաստաբանն ասաց․ «Ակնհայտ ապօրինի ձերբակալում է»։

Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնել էր, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալման դեմ բողոքն էլեկտրոնային եղանակով մուտքագրվել է դատարան, մակագրվել դատավոր Վաչե Մարգարյանին։ Եվ բողոքի քննությունը նշանակվել էր այսօր՝ ժամը 21:00-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-225.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել