Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցում կատարված միջադեպին։
«Հայտնում եմ զորակցությունս Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանա Պարգև քահանա Զեյնալյանին և դատապարտում եմ եկեղեցին փակելուն կամ քահանային վնասելուն ուղղված որևէ գործողություն (սպառնալիք):
Հիշեցնեմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությանը կամ կրոնական ծեսերի կատարմանը խոչընդոտելը համարվում է հանցագործություն (ՀՀ քրեական օրենսգրքի 160-րդ հոդված): Ոստիկանությունը պարտավոր է արձագանքել այդ առերևույթ հանցագործության նախապատրաստությանը: Ընդ որում, այս հանցագործության մասով հետաքննությունը և նախաքննությունն իրականացվում է հանրային մեղադրանքի կարգով, այսինքն պարտադիր չէ, որ տուժողը բողոք ներկայացնի:
Ի դեպ, Եկեղեցու և քահանաների նկատմամբ նման հարձակումների պատասխանատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որի օրոք արձանագրվեցին անհարգալից և սրբապիղծ դրսևորումները Եկեղեցու և հոգևորականների հանդեպ»:
Հիշեցնենք, որ Սիսիանի քաղաքային պանթեոնում Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց հերոսների հիշատակին։ Պանթեոնում վարչապետը մի քանի զոհված զինծառայողների հարազատների հանդիպեց, որից հետո մտավ պանթեոնի եկեղեցի։
Եկեղեցու հոգևոր սպասավորը՝ քահանան` Պարգև քահանա Զեյնալյանը, չսեղմեց վարչապետի ձեռքը և ցույց տվեց եկեղեցուց ելքը։ Դրանից հետո մի քանի քաղաքացիներ գնացել են եկեղեցու մոտ՝ արգելելու քահանայի մուտքը եկեղեցի։