Պատերազմը, որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը․ Վազգեն Մանուկյանի ելույթը

«Տխուր օր է այսօր, չկան այն վառվուն աչքերը, մենք այսօր հավաքվել ենք, որ հիշատակենք մեր հերոսներին, որոնք նահատակվեցին՝ պաշտանելով մեր հայրենիքը, մեր ժոովրդին ու մեր պատիվը»․ – ընդդիմադիրների հանրահավաքի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 19-ին, իր ելույթում ասաց 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ առաջին պատերազմի մասնակիցների և զոհվածներից շատերի հետ մոտ է եղել, շփում է ունեցել, իրար հետ կիսվել են մտքերով խարույկների մոտ, ռազմաճակատում, փողոցներում։

«Իրենք պատգամ են թողել, իրենք երազանք ունեին, այդ երազանքն էր, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր՝ Հայաստան Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար, լինի բարեկեցիկ, բայց բարեկեցիկ լինի ոչ թե ընտրյալների համար, այլ ամբողջ ժողովրդի համար, որ իրենք հպարտանան իրենց երկրով, մրցեն ուրիշ երկրների հետ։ Նույն մտքերով էին տոգորված նաև այն տղաները, որոնք գնացին այս պատերազմ և զոհվեցին։ Այն զինվորները, այն սպաները, կամավորները, որ առաջին հենց կոչով գնացին պատերազմ և զոհվեցին այս տարօրինակ պատերազմում։

Ես անվանում եմ տարօրինակ, բայց շատերն արդարացի անվանում են ծախված պատերազմ։ Այս պատերազմը կարող էր չլիներ, կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք, որ բոլոր բանակցությունները տապալել, բոլոր դաշնակիցներին կորցնել, գրգռել դիմացինին։ Պատերազմը, որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած մինչև պատերազմը պետք էր անել այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են և չարվեցին։

Երբեմն ասում են՝ 2,5 տարին քիչ էր։ 90-ական թվականներին մենք 2,5 տարում 0-ից սարքեցինք բանակ և խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին։ Այս նույն վիճակում Ադրբեջանն էր, խայտառակ պարտություն էր կրել։ Նույնիսկ, եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, շուտ կնքեր պատերազմի վերջը և մենք կունենայինք քիչ կորուստներ և հազարավոր երիտասարդներ, որոնք հիմա Եռաբլուրում են, կվերադառնային իրենց ընտանիքները։ Դա չարվեց և ինչ վիճակում մենք հայտնվեցինք․ անիշխանություն, անտերություն, պատերազմւ չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ, եթե այսպես շարունակվի շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կամ կվերանա Հայաստանը, կամ կդառնա այնպիսի մի խղճուկ բան, որ ոչ մեկ ուշադրություն չի դարձնի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել