ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու. Պաշտպանության նախարարը հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է․

«Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ:

Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար:

Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝  ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել