Քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ պարտավոր է հանդես գալ հայտարարությամբ առ այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռեկողմ հայտարարության բովանդակային մասը առ ոչինչ է ՀՀ համար, քանի որ այն պարտադրվել է ՀՀ վարչապետին անօրինական ու անհամաչափ ուժի կիրառման ու դրա հետագա կիրառման սպառնալիքի տակ։ Դա կնշանակի, որ․
– ՀՀ-ն հայտարարությանը պատասխանում է հայտարարությամբ, շեշտելով այդ փաստաթղթի իրական կարգավիճակը։
– Նշված փաստաթուղթը պահպանում է հրադադարի մասին հայտարարությանը վերապահված իրավական ուժը՝ թերևս նաև խաղաղապահ ուժերի տեղակայման մասով։
– Ստորագրված փաստաթղթի բովանդակային մյուս հոդվածները ենթակա չեն վավերացման ՀՀ կողմից։
– Փաստատղթի ստորագրումից հետո մինչ օրս իրականացվող գործողությունները, բացի հակամարտող կողմերի կրակի դադարեցումից ու հրադադարի հայտարարության օրվա դրությամբ նրանց զինված ուժերի ստորաբաժանումների փաստացի դիրքերը ֆիքսելուց, զուրկ են եղել իրավական հիմքից ու դրանց հետևանքները ենթակա են վերականգման։
ԱԺ-ի լիագումար նիստում, հարցի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետը պարտավոր է պաշտոնական վկայություն տալ այն մասին, որ ինքը ստորագրել է վերոհիշյալ փաստաթուղթը ռազմի դաշտում անհամաչափ ուժի կիրառման ու դրա հետագա կիրառման սպառնալիքի ներքո։ Նա պետք է տեղում հրաժարական տա իր նկատմամբ բոլոր կասկածները փարատելու նպատակով։
Վարչապետը պետք է պաշտոնանկ արվի ԱԺ կողմից վերը նշված վկայությունը տալուց հրաժարվելու դեպքում։
Առաջին դեպքում Վարչապետի արարքը հնարավոր դատաքննության շրջանակներում կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք։
Ոչ մի կապ չունի, որ երկրի վարչապետը ԱԺ իշխանական մեծամասնության կուսակցության առաջնորդն է։ Քաղաքակիրթ երկրներում դա սակարկման առարկա չէ, ու կուսակցությունն ինքն է պահանջում իր առաջադրած վարչապետի հրաժարականը՝ կուսակցության հեղինակությունը վերջնականապես չկործանելու ու տարիներ հետո ընտրություններում նոր, շտկված ծրագրերով իշխանության համար պայքարին նորից մասնակցելու համար։ Ի դեպ այդպիսի քայլը պարտադիր է համարվում նույնիսկ այն դեպքում, երբ օրինակ կուսակցությունը պարտություն է կրում տեղական ընտրություններում՝ երկրի որևէ խոշոր նահանգում։
Քաղաքակիրթ ենք, թե ուզում ենք դառնանք, թեկուզև չենք ուզում երբևէ քաղաքակիրթ լինել՝ դա երկրի ներսում ու արտաքին աշխարհում ՀՀ իշխանությունների հեղինակությունն ու ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու միակ ճանապարհն է՝ խորը ճգնաժամից դուրս գալու առաջին տրամաբանված քայլը։
Մյուս սցենարները ոչ միայն սնանկ են՝ այլև դրանց ամլությունը ծանոթ է մեր ժողովրդին սեփական փորձից»։