Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Առաջիկա շաբաթներին ու ամիսներին սպասվում են բարդ, ծանրագույն բանակցություններ ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլև տարածաշրջանի գրեթե բոլոր պետությունների հետ՝ Իրանից մինչև Ռուսաստան։
Բանակցությունների թեմաները լինելու են տարբեր՝ Արցախ, Հայաստանի անվտանգային նոր համակարգ, տնտեսական ներդրումներ, Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի զսպում և այլն։ Նախկինում էլ այս թեմաները կային, սակայն նոյեմբերի 9-ից հետո մի քանի անգամ բարդացել են մեր բանակցային դիրքերը։
Մեր արևելագետ ուսանողները լավ գիտեն, որ այս տարածաշրջանում գործում են խաղի բոլորովին այլ կանոններ։ Օրինակ, Իրանի բարձր ղեկավարությունը երբեք չի գա հանդիպման որևէ օտարերկրացի պաշտոնյայի հետ, եթե վերջինս շատ երիտասարդ է։ Ըստ պետական ավանդույթի՝ իրանցին ոչինչ չի քննարկի 20-ամյա երիտասարդի, եթե նույնիսկ վերջինս հանճար է, քանի որ նա չի կարող բավականաչափ փորձառու լինել։
Նույնն է նաև պարտված առաջնորդի դեպքում։
Իսկ հիմա պատկերացրեք, որ Հայաստանը պետք է Իրանի, ՌԴ կամ Սաուդյան Արաբիայի հետ բանակցել։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեր տարածաշրջանի որևէ առաջնորդ կհանդիպի ու կբանակցի պատերազմում պարտված ղեկավարի հետ։ Պատասխանը միանշանակ է՝ ոչ։ Իսկ առանց նրանց հետ ակտիվ հարաբերվելու մենք գոյատևելու գրեթե ոչ մի շանս չունենք։
Մի վայրկյան պատկերացրեք նաև, թե ինչեր է խոսելու բանակցությունների սեղանի շուրջ Ալիևը և ինչպես է դրան արձագանքելու Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտուր անելու ցանկությամբ ապրողը (եթե չգիտեք, ՀՀ վարչապետը հենց դա է ներկայացնում խայտառակ պայմանագրի հիմնական ձեռքբերում)։
ՀՀ ներկայիս ղեկավար վարչապետը չի կարողանալու որևէ դրական ձեռբերում ունենալ արտաքին հարաբերություններում։ Շարունակվում է պետության ազատ անկումը»։