Կառավարությունը որոշում չընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման մասին։
«Հետաքրքիր զուգադիպությամբ, այսօր դեկտեմբերի 17-ն և ուղիղ 5 ամիս առաջ՝ հուլիսի 17-ին եղել են ընտրություններ՝ նախապես հայտարարված մրցույցի դիմած թեկնածուների միջև, եղել է մրցակցային ընտրություն՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար, մասնակցել են երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը։ Ամբողջ գործընթացը առկա փաստաթղթերով համապատասխանում են սահմանված կարգին, առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքը»,-ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հակադարձեց՝ նշելով, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց, դատարանի կողմից եղել է որոշում՝ ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները։ «Ես ինքս հանդիասում եմ խորհրդի անդամ, նշանակվել եմ վարչապետի խորհրդական լինելու ժամանակ․ այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ։ Այս պահին նաև կա ԿԳՄՍՆ-ի դիմած դատական հայց՝ կախված այդ խորհրդի նիստի հետ կապված ընտրությունների, հետեևաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ»,-մանրամասներ ներկայացրեց նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Կառավարության նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հարցի վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում քննարկում կլինի, եթե կարիք լինի՝ հեռակա կարգով կընդունվի, իսկ այս փուլում հարցը կհանվի։