Պատերազմի հետևանքով վիրավորում ստացածները 6 ամիս ամսական 300 000 դրամ սոցաջակցություն կստանան

Կառավարությունը դեկտեմբերի 17-ին որոշում ընդունեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը հաստատելու մասին։

Հարցը կառավարության անդամներին ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

  1. Միջոցառման նպատակն է՝ սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին (այսուհետ՝ շահառու)։
  2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր զինծառայողի հաշվով ամսական 200 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար։
  3. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումն իրականացվում է Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) միջոցով, Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2–ի թիվ 9 որոշման 9–րդ կետով սահմանված 100 000 դրամի հետ միաժամանակ։
  4. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե.
  • վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է Հիմնադրամի շահառու, շահառու ճանաչվելու ամսվա 1–ից.
  • ամենամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար՝ 6–րդ ամսվան հաջորդող ամսվա 1–ից,
  • ամենամսյա դրամական վճար տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը վնասվածքը կամ խեղումը ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով։
  1. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4–րդ կետի 1–ին ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները նվազեցվում են շահառուին Հիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։
  2. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4–րդ կետի 2–րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները շահառուից ետ չեն պահանջվում և դիտարկվում են որպես Հիմնադրամի ծախս։
  3. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4–րդ կետի 3–րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները կարող են վերադարձվել զինծառայողի կամ այլ անձի կողմից կամ Հիմնադրամի կողմից գանձվել դատական կարգով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել