Ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր հայտարարության մեջ նշել է, որ այո՛, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար, սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից:

«Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից:

Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով…»:

  • Արայիկ Հարությունյանի հայտարարությունը ամբողջությամբ՝ այստեղ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել