Վերաքննիչ դատարանը վերացրեց Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը

Փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել է, որ վերաքննիչ դատարանը քիչ առաջ վերացրեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրված կալանավորումը։

«Շուրջ մեկուկես տարի ձգվող այս քաղաքական-քրեական գործում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն արդեն չորրորդ անգամ մատնվում է անհաջողության իր բաղձալի նպատակին հասնելու ճանապահին։

Ցավով պետք է արձանագրեմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի նկատմամբ գործ կարելու իր ջանքերի տասը տոկոսն ուղղեր մեր օր օրի փոքրացող հայրենիքի առջև ծառացած արհավիրքները կանխելուն, մեր բոլորիս վիճակն այսօր այդքան ողբալի չէր լինի»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ին բավարարել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Պետական եկամուտների կոմիտեի միջնորդությունը:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության, բազմադրվագ քրեական գործի դրվագներից մեկով՝ բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել Միքայել Արայի Մինասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը), 314.3- րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մ.Մինասյանը հանդիսանալով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հաշվետու ժամանակահատվածում, այն է 2017-2018թթ. ընթացքում, միլիոնավոր դրամի չափով ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, այսինքն ապօրինի հարստացել է:

Ծանուցում: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել