Եվրոպական միությունը հատկացնում է 9 մլն եվրո դրամաշնորհ՝ ուղղված Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցությանը

Այսօր Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանին 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ ԵՄ որոշումը դատական և իրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման և պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։

Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստանդարտներին և հարակից ԵՄ-Հայաստան արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից և որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը և Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։

Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ընդգծում և աջակցում ենք ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։

Այսօր հայտարարված աջակցությունը տրամադրվում է ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաև Արևելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) և «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը և կարողությունների զարգացմանը։

«Ես ողջունում եմ այսօր հայտարարված Հայաստանի համար բյուջետային աջակցության վերաբերյալ այս շատ կարևոր հատկացումը։ Եվս մեկ անգամ, ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիներն ու ինստիտուտները միավորվում են լավ կառավարման և օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակի շուրջ: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական և դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը և պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը և միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության», նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը։

«Նախ կցանկանայի ընդգծել, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին տրանշի արժեքն է։ Կարևոր է նաև վերահաստատել, որ դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, և մենք ուրախ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաև մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին: Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության և արդյունավետ համագործակցության համար», նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել