Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արցախյան պատերազմում զոհված զինծառայող Արսեն Ալջիկյանի ծննդյան օրն է: «Մենք չենք կարողանում Արսենին առանց ժպիտի հիշել, նա միշտ ու բոլոր նկարներում ժպտում է: Բոլորիս հանդեպ ուշադիր էր, շատ նպատակասլաց ու աշխատասեր էր»,-ասում է Արսենի քույրը՝ Աննա Ալջիկյանը:
Արսեն Ալջիկյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 19-ին, ծառայել է Հադրութում. «Բանակից երբեք չէր բողոքում, դե պատճառը պարզ էր․ իրեն բոլորը սիրել են, թե՛ ծառայակից ընկերները, թե՛ սպայական անձնակազմը: Ասում էին, որ շատ պատասխանատու զինվոր է եղել»,-պատմում է Աննան:
Նա սեպտեմբերի 27-ից մասնակցել է պատերազմին: Զոհվել է Մարտունու Ճարտար գյուղի բլրի վրա: 4 հոգով բարձրացել էին թշնամու զինտեխնիկան խոցելու համար, նոյեմբերի 3-ին կործանիչ ինքնաթիռից հարված են ստացել, 4-ն էլ անմահացել են: Այս մասին պատմել են Արսենի զինակից ընկերները:
Արսենը Հադրութի մարտական դիրքերում խոցել է 1 տանկ, իսկ Ճարտար գյուղի մոտակայքում՝ 5 տանկ, հակառակորդին պատճառել է մեծ թվով մարդկային ուժի կորուստ:
Արսեն Ալջիկյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 16-ին, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 3-ին:


