17 հոգի են պակաս տղերքից. Հին Թաղերի համայնքապետ

Արցախի Հին թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում 17 զինծառայող է անհետ կորել։ Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց Հին թաղերի համայնքապետ Էդիկ Այվազյանը:

«Գյուղում այդ պահին տարբեր տեղերից տղաներ են եղել, պաշտպանել են գյուղը։ Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին ասեցին։ 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասաց Այվազյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել