ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։
Այս մասին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ասաց այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ։
«Փոխարժեքի ներկա միտումների վրա անմիջական ազդեցություն է ունեցել ապագայի հեռանկարների վերաբերյալ ձևավորված անորոշությունների պայմաններում մասնավոր հատվածի մոտ և ֆինանսական համակարգում պորտֆելային կառուցվածքային տեղաշարժերն ու արժութային փոխարկումները։ Այսինքն, այստեղ մենք ունենք տնտեսվարող սուբյեկտների բալանսների որոշակի բալանսավորում ի օգուտ արտարժույթի, որի արդյունքում որոշակի պահանջարկ է ներկայացվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, որն էլ բնականաբար արտարժույթի գինը տարել է վերև»,-նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
Հավելենք, որ ԿԲ դեկտեմբերի 15-ի տվյալների համաձայն դոլարի փոխարժեքը կազմել է 525․09 դրամ, եվրոն՝ 638․35 դրամ, ռուբլին՝ 7․15 դրամ։