Խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելուց հետո, անձը կրկին կատարել է ավազակություն և կողոպուտ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Ավան թաղամասում գործող դեղատների աշխատակցուհիների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2020 թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 23:50-ին, Ավան թաղամասում գործող դեղատներից մեկի աշխատակցուհին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ անձը մուտք է գործել  դեղատուն, գնել դեղահաբեր, վճարել  գումարը, այնուհետև իրեն հրել-գցելով գետնին, դրամարկղից բացահայտ հափշտակելով 268.000 ՀՀ դրամ՝ դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 4-րդ կետով:

Բացի այդ, 2020թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23:30-ին, հաղորդում է ստացվել նաև մեկ այլ քաղաքացուց այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ անձը Ավան թաղամասում գտնվող դեղատանը հարձակվել է իր քրոջ՝ դեղատան աշխատակցուհու վրա, քարով հարվածել է նրա գլխին, հափշտակել 30.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործերով իրականացվել են քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, զննվել են անվտանգության տեսախցիկների տեսաձայնագրությունները, իրականացվել է անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություն, որի ընթացքում տուժողները՝ դեղատների աշխատակիցները, մատնացույց են արել լուսանկարներում պատկերված նույն անձին:

Որոշում է կայացվել՝ վերոհիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է լուսանկարում պատկերված անձի ինքնությունը, որը Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1991թ.: Օրենքով սահմանված կարգով վերջինս հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել, և 2020 թ. դեկտեմբերի 10-ին նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:

Պարզվել է նաև, որ երիտասարդն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով հանդիսանում է ամբաստանյալ, ում նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը դեռևս 2019թ. հոկտեմբերին դատարանի կողմից փոխարինվել է գրավով:

Բավարար ապացույցների համակցությամբ որոշում է կայացվել՝ Կոտայքի մարզի 29-ամյա բնակչին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել