Պատգամավորի մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը փոխմարզպետ նշանակվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»։

Ավելի վաղ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:

Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»։

Որպես հետգրությունը Մեխակյանը նշել էր․ «Աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել