Եռակողմ հայտարարության 2 կետ է խախտվում, եթե Խծաբերդն ու Հին Թաղերը Ադրբեջանի կազմում են հայտնվում

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ դեկտեմբերի 14-ի դրությամբ նոր քարտեզ է հրապարակել, որի համաձայն՝ Խծաբերդ և Հին Թահեր գյուղերը գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:

Դեռ երեկ այս գյուղերը գտնվում էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եռակողմ հայտարարարության մեջ հենց առաջին կետով նշվում է․

«1․ 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է ․ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:

Եթե հայտարարության կնքման օրը՝ նոյեմբերի 9-ի, այս գյուղերը եղել են հայկական կողմի տիրապետության տակ և ՌԴ ՊՆ-ի կողմից հրապարակված մինչև դեկտեմբերի 13-ը պատկերող քարտեզում էլ դրանք Արցախի կազմում են եղել, ապա ինչպե՞ս է ստացվել, որ երկու գյուղերը նշվել են որպես ադրբեջանական տարածք։

Բացի այս, հայտարարության 3-րդ կետում ասվում է․

«3․ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»:

Ըստ քարտեզի՝ ռուս զինծառայողներն այս տարածքում խաղաղապահ առաքելություն չեն իրականացնում։

Հիշեցնենք նաև, որ Հին Թաղերի գյուղապետ Էդուարդ Այվազյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա հարձակումից հետո ադրբեջանական կողմը 10 գերի է վերցրել։

«Հայտնի է, որ 10 գերի ունենք, 6 վիրավոր։ Այլ տեղեկություն հիմա չունեմ»,-նշել էր նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել