Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին շրջանում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել տարբեր անձանց և խմբերի հետ։ Պիտի ասեմ, որ Հայաստանում պետականամետ, սկզբունքային մարդկանց պակաս չկա։ Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչ է կատարվում և հստակ պատկերացնում են, թե ինչպես պետք է հաղթահարել այս արհեստածին ճգնաժամը։
Ըստ այդմ, ինձ համար Վազգեն Մանուկյանը նակին է, բայց Նիկոլը ավելի «նախկին է» քան Վազգեն Մանուկյանը։ Որովհետև «նախկինը» ոչ թե ժամանակային ցուցիչ է, այլ արժեքային։ Ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխության անվան տակ «իշխանության» եկած Նիկոլը մատը մատին չտվեց Վազգեն Մանուկյանի ձեռքով հիմք դրված օլիգարխիկ համակարգը կազմաքանդելու համար, հանրային նոր հարաբերություններ ստեղծելու համար։
Էսօրվա «կռիվը» ոչ մի կապ չունի ապագա Հայաստանի հետ։ Էսօրվա «կռիվը» նրա շուրջ է, թե նախկիններից ով կկառավարի նախկին Հայաստանը, բայց պիտի հիասթափեցնեմ այդ կռվողներին, որովհետև նախկինը ժողովուրդը մերժել է նախկինների հետ միասին։ Նիկոլը հեռանալու է, հներն էլ չեն գալու, որովհետև Հայաստանը գալիք սերունդինն է։ Ու ինչքան էլ հանրությանը մեդիատեռորով երկու կողմերը փորձեն վախ ներշնչել, մարդիկ լավ են հասկանում, որ էն ինչ կատարվում է այսօր, ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանում իշխող բարքերի վախճանն է։ Մոտ է ժամանակը, երբ Հայաստանը կմաքրվի քաղաքական աղբից։ Թող, որ դրանում ոչ ոք չկասկածի»։