Հայաստանի պետության միջազգային ոչնչացումը շարունակվում է․ թուրքագետը՝ ադրբեջանցի 2 դիվերսանտներին Բաքվին փոխանցելու մասին

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2014 թվականն էր։ Ընտանիքս ապրում էր Արցախի՝ այսօր արդեն հանձնված Քաշաթաղի շրջանում։
Երբ նույն տարվա ամռանը մեր հարևան Քարվաճառի շրջան ներխուժեցին ադրբեջանցի դիվերսանտներ ու սպանեցին հայ խաղաղ բնակչությանը (այդ թվում՝ մանկահասակ երեխայի), առաջին անգամ սկսեցի մտահոգվել ընտանիքիս անվտանգության համար։ Պատճառը պարզ էր. Ադրբեջանը հետևողականորեն սկսել էր մեծացնել Արցախի ու ՀՀ վրա ճնշումը և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելը նշանակում էր, որ այդ կարմիր գիծն էլ վերջնականապես հատված է։ Բարեբախտաբար, ՀՀ ուժային կառույցները կարողացան ձերբակալել դիվերսանտներին ու ըստ դատարանի վճռի՝ վերջիններիս դատապարտեցին ազատազրկման կատարված սպանությունների համար։

2014թ. ի վեր Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ այս երկու հանցագործները վերադառնան։ Սակայն հայ սպանելու համար նրանց հերոսացումը սկսվել էր արդեն վաղուց։ Բաքուն դիվերստանտներին նույնեցնում էր մեկ այլ հայասպան Ռամիլ Սաֆարովի հետ։ ՀՀ իշխանությունները լավ գիտեին, թե ինչ կնշանակի այս մարդկանց հանձնումը Բաքվին և ոչ մի կերպ չէին համաձայնում նման քայլի։

2020 թվականն է։ Րոպեներ առաջ հաստատվեցին այն լուրերը, որ մեր տգետների իշխանությունը Քարվաճառում բռնված և ազատազրկված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին առանց դատարանի որոշման (այսինքն՝ խախտելով ՀՀ ու ԱՀ օրենքները) հանձնել է Ադրբեջանին։

Հայաստանի պետության միջազգային ոչնչացումը շարունակվում է։

Երբեք չէի պատկերացնի, որ իմ երկրի էսքան նվաստացումը իմ աչքերով եմ տեսնելու։ Ու ինչի՞ համար. տգետների իշխանության մնալու անհագ ցանկության պատճառով։

ՀԻՇԵՑՈՒՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել