Պետք է ամեն ջանք գործադրել արցախյան խնդրի կարգավորման համար Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու համար․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե չեմ սխալվում արցախյան հակամարտության կարգավորման պատմության մեջ առաջին անգամ Արցախի նախագահը հրաժարվել է Երևանում հանդիպել տարածաշրջան այցելող Մինսկի խմբի համանախագահների հետ, որովհետև ինչպես հայտնի է, խմբի հետ տարածաշրջան չի այցելել Ռուսաստանի ներկայացուցիչը, թեև Ռուսաստանը մինչև վերջերս ակնկալում էր, որ Մինսկի խումբը կմիանա հաստատված հրադադարին, և ստեղծված՝ հետպատերազմական նոր իրողությունները ճանաչելով կշարունակի կարգավորմանն ուղղված ջանքերը։

Նման որոշման համար միակ բացատրությունը այս պայմաններում կարող է առնչություն ունենալ արցախյան ներքաղաքական իրավիճակի հետ՝ կապված նախագահ Արայիկ Հարությունյանի մինչպատերազմական իշխանական ամուր դիրքերը, պատերազմից հետո Վիտալի Բալասանյանին ԱԽ քարտուղարկի պաշտոնում նշանակելով, հանձնելու հետ։

Դժվար եմ պատկերացնում, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չճանաչեն պատերազմից հետո ի հայտ եկած նոր իրողությունները, ռուս խաղաղապահների ներկայությունը, ռուս-թուրքական պայմանավորվածությունները և որոշեն պահպանել խմբի ֆորմատը։
Ակնհայտորեն Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը Երևանին է ավելի շատ ձեռնտու։ Չնայած Ալիևի հրապարակային մերժողական վերաբերմունքին, Բաքուն ևս շատ լավ հասկանում է Մինսկի խմբի անհրաժեշտությունը իր շահերի համար։ Այս իմաստով ոչ մի կերպ հասկանալի չէ Ստեփանակերտի պահվածքը։

Արցախի իշխանությունները, իմ հիշելով, իրենց որոշումներում լիակատար անկախություն են ունեցել 1997թ. աշնանը, երբ առանց կաշկանդվելու մերժեցին բանակցային սեղանի վրա դրված կարգավորման երկու՝ փուլային և փաթեթային տարբերակներից մեկը՝ փուլային տարբերակը։ Շատ կուզեի հավատալ, որ Ստեփանակերտն իր այս որոշման մեջ նույնքան անկախ է եղել, որքան 97-ին։
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով Հարավային Կովկասում ձևավորված ռուս-թուրքական նոր աշխարհակարգը այլևս իրողություն է։ Այն հաստատապես չի բխում հայկական շահերից։ Մյուս կողմից այդ նոր աշխարհակարգը պաշտպանում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը՝ պաշտոնական Երևանին զրկելով դրա դեմ դիրքավորվելու որևէ գործուն հնարավորությունից։

Մինսկի խմբի աշխատանքի վերբեռնումը կարող է հնարավորություն տալ վերադարձնել արտաքին ուժերի հավասարակշիռ ներկայությունը ոչ միայն արցախյան հակամարտության գոտի, այլև առհասարակ տարածաշրջան, որը սկսել է խախտվել 2016-ին ԱՄՆ-ը նախագահի պաշտոնում Թրամփի ընտրությունից ի վեր՝ ԼՂ խնդրի և տարածաշրջանային շատ իրողությունների նկատմամբ ամերիկյան հանրապետական իշխանությունների տոտալ անուշադրության պատճառով։

Պաշտոնական Երևանի ցանկությունից է կախված, և պետք է ամեն ջանք գործադրել արցախյան խնդրի կարգավորման համար Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու համար։ Չափազանց կարևոր է, որպեսզի Երևանի այդ ցանկությունը բացասական ընկալում չստանա Ռուսաստանի կողմից։

Խմբի գոյությունը միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով կարող է երաշխավորել արցախյան խնդրի վերջնական խաղաղ կարգավորմանը՝ ապահովելով տարածաշրջանի ուժերի հավասարակշիռ ներկայություն և ներգրավվածություն»։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել