ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբության իր էջում գրում է․
«Սիրելի քաղաքացիներ,
Ուրբաթ երեկոյան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ունեցավ պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդմամբ զբաղվող աշխատանքային միջգերատեսչական խմբի հերթական հանդիպումը, որի ժամանակ քննարկված որոշ հարցերի մասին հարկ եմ համարում ձեզ տեղեկացնել։
I. Կառավարության կողմից հաստատվել է թվով 8 միջոցառումների ծրագիր.
1) Արցախում հաշվառված քաղաքացիները (բացառությամբ 18-58 տարեկան տղամարդկանց, Արցախի պետական կամ համայնքային բյուջեից աշխատավարձ ստացող անձանց, ՀՀ-ում աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց) կստանան միանվագ դրամական աջակցություն նվազագույն աշխատավարձի՝ 68 000 դրամի չափով։ Լրացուցիչ 15 000-ական դրամ կեցավայրի համար կստանան այն քաղաքացիները, որոնք ՀՀ-ում չունեն անշարժ գույք։ Նշեմ, որ նշված գումարը տրամադրվում է շահառու հանդիսացող յուրաքանչյուր քաղաքացու, այսինքն, օրինակ, 4 հոգանոց ընտանիքը ստանալու է 272 000 դրամ հրատապ ծախսերի և 60 000 դրամ կեցավայրի համար։ Այս ծրագրի շահառուների թիվը94 000 է, որոնցից84 000-ն արդեն իսկ դիմել է ծրագրից օգտվելու համար։ Նրանցից55 000-ն արդեն իսկ ստացել են միանվագ դրամական աջակցությունը։ Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ նշված 55 000 քաղաքացիներից 20 000-ն այդ աջակցությունը ստացել է՝ գտնվելով Արցախում։
2) Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տեղահանված անձինք, որոնք պատերազմից առաջ առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այդ տարածքներում կստանան միանվագ դրամական աջակցություն 300 000 դրամի չափով։ Այս միջոցառման շահառուների թիվը 31 000 է, մոտ 8000 ընտանիք։ Կրկին՝ նշված գումարը տրամադրվելու է յուրաքանչյուր քաղաքացու, այսինքն 4 հոգանոց ընտանիքը ստանալու է 1 200 000 դրամ։ Հարկ է ընդգծել, որ սա փոխհատուցում չէ կորցրած գույքի դիմաց, այլ հրատապ դրամական աջակցություն։
3) Միանվագ աջակցություն կտրամադրվի քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացած անձանց։
ա/ Անձինք, որոնք պատերազմի հետևանքով ստացել են 1-ին խմբի հաշմանդամություն, կստանան 3 մլն դրամ,
բ/ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձինքն կստանան 2 մլն դրամ,
գ/ 3-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձինք՝ 1 մլն դրամ,
դ/ հաշմանդամություն ստացած երեխային կտրամադրվի 3 մլն դրամ։ Պատերազմի ժամանակ զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5 մլն դրամ։
Նշված աջակցությունը տրամադրվում է միայն քաղաքացիական անձանց և նրանց ընտանիքներին։ Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների դեպքում աջակցություն տրամադրվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով։
4) Միանվագ դրամական օգնություն կտրամադրվի պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների կրած անշարժ գույքի վնասների փոխհատուցման նպատակով։
5) Դրամական աջակցություն կտրամադրվի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում հաշվառված քաղաքացիներին ժամանակավորապես՝ մինչև 2021 թվականի մայիս հյուրընկալողներին։ Յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր հյուրընկալված քաղաքացու համար կտրամադրվի 30 000 դրամ, եթե հյուրընկալողի կացարանը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում և 45 000 դրամ, եթե հյուրընկալողի կացարանը Արցախի Հանրապետությունում է։
6) Ամսական 300 000 դրամի չափով, ոչ ավել քան 6 ամիս աջակցություն կստանան անհետ կորած զինծառայողների ընտանիքները։ 6 ամիս ժամկետը պայմանավորված է նրանով, որ այդ ժամկետում անհետ կորած անձի չհայտնաբերվելու դեպքում վերջինս կարող է դատական կարգով ճանաչվել անհայտ բացակայող, և նրա ընտանիքը կկարողանա աջակցություն ստանալ Զինվորների ապահովագրության հիմնադրամից։
7) Կփոխհատուցվի ռազմական գործողությունների մասնակցած ուսանողների, ինչպես նաև ռազմական գործողությունների մասնակցած անձանց ընտանիքի անդամների1-ին կիսամյակի ուսման վարձը։ Եթե 1-ին կիսամյակի վարձն արդեն իսկ վճարված է, այդ վճարված գումարը կհաշվանցվի որպես 2-րդ կիսամյակի վարձավճար։
8) Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքներում հաշվառված անձինք, որոնց տունը դարձել է բնակության համար ոչ պիտանի, կստանան250 000 դրամի չափով աջակցություն։
Վերը նշված միջոցառումների շահառուներ են հանդիսանում մոտ140 հազար անձ։ Ընդհանուր բյուջեն կլինի մոտ 20 մլրդ 245 մլն դրամ։
II. ՀՀ քաղշին կոմիտեն Արցախի վերահսկողության տակ մնացած հատվածներում գույքագրում է արել։ Միայն Ստեփանակերտում 200 գույք պետք է հիմնովին վերանորոգվի, 750 գույք ենթակա է մասնակի վերանորոգման։ Այս պահին300 գույքի վերաբերյալ աշխատանքներ են տարվում։
III. Հումանիտար աջակցություն ստանալուն ուղղված աշխատանքներ են տարվում նաև մեր միջազգային գործընկերների հետ։
Հանդիպման ժամանակ քննարկված հարցերը, որոնք իմ գնահատմամբ անվտանգային առումով զգայուն տեղեկություններ են պարունակում, հրապարակելուց զերծ կմնամ»։