Թոշակառու կնոջը որդին ծեծել է, ապա խեղդել․ ոստիկանություն

Դեկտեմբերի 12-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից շտապօգնության խումբ մեկնեց Արագածոտնի մարզի Կարին գյուղ։ Բուժխումբն արձանագրեց, որ 84-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցեց ոստիկանության Աշտարակի բաժին։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։ Իրավապահները տանը արնանման հետքեր հայտնաբերեցին։ Արնանման հետքեր կային նաև դիակի վրա։ Շուտով հայտնի դարձավ, որ տարեց կնոջը սպանել են։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Աշտարակի քրեական հետախույզներն իրականացրին օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով այլ իրավապահ կառույցների ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ թոշակառու կնոջը որդին ծեծել է, ապա խեղդել։ 50-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, ապա ներկայացվեց տարածքային նախաքննական մարմնին՝ հարցաքննության։ Նա տվել է խոստովանական ցուցմունք ու ձերբակալվել։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես և շարժառիթը պարզելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել