Հետպատերազմյա շրջանում հայկական մամուլում և սոցցանցերում ապատեղեկատվությունների թիվը ոչ միայն չնվազեց, այլ ընդհակառակը՝ կտրուկ աճ գրանցեց։ Չհիմնավորված խոսակցություններն ու քննարկումները բերվեցին լրատվական հարթակներ, այդկերպ նպաստելով հասարակության լայն շրջանում խուճապի տարածմանը:
ՀՀ սահմանամերձ շրջաններում սահմանազատման աշխատանքները՝ խուճապի և կեղծիքի տարածման պատճառ
Նոյեմբերի 25-ին հայկական ստորաբաժանումները դուրս բերվեցին Քարվաճառի շրջանից, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության հետ Հայաստանի սահմանի փոխարեն ձևավորվեց սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ նոյեմբերից մեկնարկած սահմանազատման աշխատանքներն իրականացնելու համար ադրբեջանական զինուժի ներկայացուցիչների ՀՀ տարածքին մոտ գտնվելը հասարակության շրջանում խուճապ տարածեց, ինչը ուղեկցվեց նաև կեղծ լուրերի տարածմամբ։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» անդրադառնում է դրանցից առավել քննարկվածներին․
Նոյեմբերի 26-ին լրատվականներում «Սյունիքի մարզից 300 հա արդեն փոխանցել են թշնամուն» վերտառությամբ նյութ տարածվեց։ Հղում անելով Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանին՝ նշվում էր, թե նույն գյուղի 300 հա վարելահողը մնացել է թշնամու վերահսկողության տակ։
Համայնքի ղեկավարը հերքեց իրեն վերագրվող խոսքերը՝ պարզաբանելով, որ համայնքը նախկինում օգտվել է նաև Կուբաթլուին (Ացախի Սանասարի շրջան) պատկանող հողերից, սահմանային վարելահողեր են, որոնց օգտագործումը ստեղծված իրավիճակում արդեն վտանգավոր կլինի։
«Մենք հող չենք հանձնել, պարզապես ասել եմ, որ 300 հեկտարը վտանգավոր կլինի մշակել»,- ասել է համայնքապետ Բենիամին Պողոսյանը։
Նույն ընթացքում լուրեր տարածվեցին, թե Տավուշի մարզի յոթ գյուղեր անցնելու են Ադրբեջանին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը դեռ նոյեմբերի 10-ին, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքեցին պնդումը՝ նշելով, որ նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարության համաձայն նման կետ սահմանված չէ։ Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։
Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի մասին ևս ապատեղեկատվություններ տարածվեցին։ Ըստ լուրերի՝ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։
Մարզպետ Գնել Սանոսյանը հերքում տարածեց զիջումների վերաբերյալ, հայտնելով, ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները։
Տելեգրամյան ալիքներից մեկը մի տեսանյութ տարածեց, որտեղ ասվում էր, թե Գորիսում ադրբեջանական պետհամարանիշներով ավտոմեքենաների ազատ տեղաշարժ է նկատվել:
Գորիսի համայնքապետարանը հայտնեց, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։
«Իրավիճակը վերահսկվում է, մեր սահմանները ամուր են, ժամկետային զինծառայողները, ինքնապաշտպանական ջոկատները սահմանի ամբողջ երկայնքով ամուր կանգնած են և թշնամին չի կարող քայլ առաջ կատարել»,- ասված էր մարզպետարանի տարածած հայտարարության մեջ։
Ադրբեջանական ուժերի տեղաշարժը սահմանամերձ շրջաններում իրականացվում է ռուս խաղաղապահների և հայկական զինուժի հետ համատեղ՝ սահմանազատման աշխատանքների տրամաբանության մեջ։
ՀՀ-ում ադրբեջանցիների ազատ տեղաշարժի մասին վերջին օրերին ևս մի ապատեղեկատվություն տարածվեց։ Ըստ լուրի՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն ազատորեն շրջում են Վարդենիս քաղաքում։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Տեղեկությունը հերքվեց, թե՛ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանի, թե՛ Ազգային անվտանգության ծառայության և թե՛ այն սուպերմարկետների տնօրենների կողմից, որտեղից, ըստ լուրերի, գնումներ էին արել ադրբեջանցիները։
Լրատվականներից մեկի՝ «Ադրբեջանցիները զորք են կուտակել Ջերմուկի մոտակայքի սարերում`զորամաս են կառուցում» վերտառությամբ տեսանյութը խուճապ տարածեց, որը ուղեկցվեց կեղծ պնդումներով, թե «թշնամին մտել է Ջերմուկ»։
Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտնեց, որ Վայոց ձորի մարզի սահմանները վերահսկելի են և անվտանգ։ Սահմանային բնագծերի փոփոխություններ չկան։
Մյուս ապատեղեկատվությունը կրկին վերաբերում էր Կապանին։ Հերթական կեղծիքն այն մասին էր, թե «դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:
Սյունիքի մարզպետարանը արձագանքեց հերթական կեղծիքին․
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ի իր «Զրույց ժողովրդի հետ» տեսաուղերձի ընթացքում ևս հերքեց բախման մասին լուրերը։