Բժշկի մասնագիտությունն ընտրած զինվորը պատերազմի ժամանակ կիրառում էր բուհում ստացած գիտելիքները. զոհվել է ԵՊԲՀ ուսանող Արսեն Ղազարյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հայտնում են.

«Արցախի դեմ սանձազերծված պատերազմը շատերին խլեց մեզանից. նրանք անմահացան հանուն մեր վաղվա խաղաղ օրերի: ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արսեն Ղազարյանը նրանց շարքերում է…

Արսեն Ղազարյանը ծնվել է 2001թ. օգոստոսի 29-ին Ստեփանակերտում։ Ավարտելով Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցն՝ ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարան։ Արսենը զորակոչվում է զինվորական ծառայության՝ կես կիսամյակ սովորելուց հետո:

Հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ԵՊԲՀ ուսանողն իր ծառայությունը շարունակում է որպես բուժակ:

Բժշկի մասնագիտությունն ընտրած զինվորը պատերազմի ժամանակ կիրառում է բուհում ստացած գիտելիքները. հրետակոծության տակ ընկած վիրավոր ընկերներին ցույց է տալիս առաջին բուժօգնություն, վիրակապում և դուրս բերում մարտի դաշտից։ Ավիացիայի հարվածից հետո գումարտակին օգնության շտապող զինվոր-բուժակը բռնում է անմահության ճանապարհը՝ զոհվում է բեկորային վնասվածքներից:

«Միասին սովորել ենք ընդամենը կես տարի։ Անհնար էր չնկատել ու չգնահատել նրա անսահման համեստությունն ու պարկեշտությունը, սրտացավությունն ու բոլորին անկեղծ օգնելու ցանկությունը։ Մենք կորցրել ենք հրաշալի ապագի բժշկի, լավ մարդու։ Ուրախ եմ, որ ճանաչել եմ Արսենին»,-պատմում է նրա համակուրսեցին՝ Ալինա Խաչատրյանը։

Կուրսընկեր Ռուբեն Մինասյանն էլ հավելում է՝ «Արսենն օրինակելի երիտասարդ էր, հավասարակշռված ու զուսպ: Հանգչիր խաղաղությամբ իմ հերոս ընկեր…»։

Արցախյան պատերազմի ժամանակ անմահացած Արսենին անսահման կարոտով են հիշում նաև դասընկերները:

Մարինա Ջհանգիրյանը, ով դպրոցական նստարանից մինչև բժշկական համալսարան ճանաչել է Արսենին, ցավով ու ափսոսանքով նշում է. «Դպրոցում Արսենը աչքի էր ընկնում իր խելացիությամբ։ Նա մեզ համար անկեղծության, ազնվության, բարեխղճության վառ օրինակ էր, հանուն ընկերոջ պատրաստ էր ամեն ինչի։ Սիրում ու հպարտանում ենք նրանով՝ մեր հերոսով»։

Հավերժ փառք ու խոնարհում մեր հերոսներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել