Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբն այսօր՝ դեկտեմբերի 14-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Մերժել կապիտուլյացիան և վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ․
Մինսկի խմբի համանախագահող երկրներից ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ ս.թ. դեկտեմբերի 12-ին Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացեիբաց կերպով ձեռնոց նետեց միջազգային կարգին և իրավունքին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ փաստացի մերժելով վերջինիս ձևաչափով հակամարտությունը լուծելու հեռանկարը:
Նա հայտարարեց նաև, որ Հայաստանին Ռուսաստանի աջակցությամբ զենքի ուժով ստիպել են կապիտուլյացիոն ակտ ստորագրել:
Նույն օրը Ադրբեջանը խախտեց զինադադարը և հարձակվեց Արցախի Հադրութի շրջանում գտնվող հայկական դիրքերի ո ւբնակավայրերի վրա:
Տեղին է հիշել, որ ս.թ. դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի ներկայությամբ ու նրա քաջալերանքով Զանգեզուրը, Սևանի ավազանը և Երևանը հայտարարեց որպես ագրեսիայի հաջորդ թիրախներ:
Զուգահեռաբար, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ս.թ. նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության տեսքով կապիտուլյացիայի ակտը ստորագրելով, լիազորությունները չարաշահելու եղանակով յուրացրել է հայ ժողովրդի իշխանությունը՝ ազգի և պետականության համար ստեղծելով գոյութենական մարտահրավերներ:
Վերը նշվածի հաշվառմամբ, դիմելով նաև ներկայումս Երևանում գտնվող Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներին, հայտարարում ենք, որ.
1. Հայաստանի և, հատկապես, արցախաբնակ հայության, ճակատագիրը չի կարող մնալ ագրեսիվ պատերազմի ու ցեղասպանական ակտերի միջոցով տարածաշրջանը վերաձևելու ռազմավարություն որդեգրած Ադրբեջանի ու Թուրքիայի, տարածաշրջան բերված հազարավոր վարձկան ահաբեկիչների, ինչպես նաևԱդրբեջանին և Թուրքիային աջակցող Ռուսաստանի հույսին:
2. Նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը պետք է որակվի ընդամենը որպես հրադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ, իսկ դրա մնացած դրույթները պետք է դատապարտվեն և առոչինչ ճանաչվեն: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը դրանով չեն կարող պարտադրվել ինքնիշխանության, տարածքի և սահմանների հետ կապված պայմաններ:
3. Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի Մինսկի խմբի ձևաչափում, ինչի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Ադրբեջանը պետք է իր զորքերը և վարձկան ահաբեկիչներին դուրս բերի պատերազմի միջոցով գրաված տարածքներից:
4. Արցախում, այդ թվում՝ նշված տարածքներում, պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի մանդատի ներքո գործող և հակամարտության ելքով չշահագրգռված պետությունները ներկայացնող միջազգային խաղաղապահ ուժեր:
5. Ազգային շահերի դեմ և ժողովրդից գաղտնի կապիտուլյացիոն ակտ ստորագրած Նիկոլ Փաշինյանն այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը, ուստի նրա կամ նրա կառավարության անդամների հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ի սկզբանե առոչինչ են:
6. Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը պատրաստ է հանդիպելու Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ՝ հակամարտության արդարացի լուծման և տարածաշրջանում միջազգային կարգի ու իրավունքի գերակայության վերահաստատման վերաբերյալ հայ ժողովրդի և Հայաստանի ազգային շահերն արտահայտող տեսակետները պարզաբանելու համար»։