Զանգելանի եւ Կուբաթլուի շրջանների մասին հիշատակում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չի եղել, քանի որ այդ շրջանի 90 եւ ավելի տոկոսը, ցավոք, արդեն եղել է ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային ճշգրտում, որն առաջիկա օրերին կլինի:
Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, որոնց համար տեղի են ունեցել բանակցություններ: Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, ՀՀ սահմանների մասին որեւէ պայմանավորվածություն չի եղել»:
Ըստ վարչապետի՝ այսօր տեղի ունեցող գործողությունները երբեմն ցավոտ են, բայց ապատեղեկատվության հսկայական հոսքեր են տեղի ունենում, որոնք առավել հաճախ կառավարվում են արտերկրից՝ նեղ քաղաքական նպատակներով: Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ Արցախի շուրջ կա լարվածություն, սակայն Սյունիքում իրավիճակը հանգիստ է»,-նշել է նա: