ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ դերակատարություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում այսօր ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:
«Ցավոք սրտի, Մինսկի խումբը որևէ դեր չի խաղացել հակամարտության կարգավորման հարցում: Չնայած, որ 28 տարվա ընթացքում մանդատ է ունեցել դրա համար: Ես 17 տարի մասնակցել եմ բանակցություններին: Սակայն անգամ եթե Մինսկի խումբը հանդես է եկել գաղափարներով և փորձել է ստեղծագործաբար մոտենալ հարցին, դա որևէ արդյունք չի տվել։ Հակամարտության կարգավորումն ամբողջովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում: Ներկա պահին ամբողջովին նոր իրավիճակ է ստեղծվել»,- շեշտել է Ալիևը՝ համաձայնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականի հետ, որ ԼՂ հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել:
Նա հավելել է, որ Բաքու այցելելու նախաձեռնությունը համանախագահներինն է եղել, և ինքը նրանց չի հրավիրել․ «Այստեղ գալը ձեր գաղափարն է եղել: Կարող եմ ևս մեկ անգամ ասել դա տեսախցիկների առաջ: Ես Մինսկի խմբին չեմ հրավիրել, սակայն երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ասացի՝ թող գան, ես դեմ չեմ: Գուցե ինձ ասելու բան ունեն»։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։