WarGonzo նախագծի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։
Այլ բնակավայրերի համար մարտերն այժմ ընթանում են: Աղբյուրը նաև հայտնում է, որ Բաքուն խնդիր է դրել գրավել Խծաբերդ գյուղը մինչ առավոտ։ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ռուս խաղաղապահներից պահանջել են լքել Հադրութի շրջանի մարտական գոտին: Նրանք իրենց պահանջները հիմնավորել են այսպես. «Զոհերից խուսափելու համար»: Նրանք փոխանցել են, որ նրանց մարտական խնդիրը գյուղը գրավելն է:
WarGonzo-ն հայտնում է նաև, որ թուրքական հատուկջոկատայիններ են ներգրավվել գյուղի գրավման գործում։
Արցախի Պաշտպանության բանակի ուժերը այդ հատվածում շատ ավելի փոքր են, խաղաղապահների թիվը անհայտ է։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը մնում են հայկական կողմի մոտ, սակայն դրանք կտրված են հիմնական տարածքից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։