Որքա՞ն ժամանակ ունեն վարորդները՝ մեքենայի գույքահարկը վճարելու համար

«Գույքահարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածով սահմանվում են գույքահարկի վճարման կարգը և ժամկետները։

Նշվում է, որ կազմակերպությունները գույքահարկի հաշվարկված գումարները սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում յուրաքանչյուր կիսամյակ` մինչև տվյալ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Իսկ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ 

Սակայն այստեղ բացառություն կա։ 

Իրավաբան․net-ը հայտնում է, որ հոդվածի 4-րդ կետի համաձայն, ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցների` տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:

Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող տեղեկանքը գույքահարկ վճարողին տրամադրում է հաշվառող մարմինը:

Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորության դադարեցման (հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների հաշվառում վարող լիազոր մարմնի կողմից «Գույքահարկի մասին» օրենքով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված` խոտանումը կամ հաշվառումից ժամանակավորապես հանելը հիմնավորող փաստաթուղթը (որում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարեթիվը): Ֆիզիկական անձի դիմումի համաձայն` փոխադրամիջոցները լիազոր մարմնում վերահաշվառվում են գույքահարկ վճարողին հաշվառող մարմնի կողմից տրված` տվյալ փոխադրամիջոցի գծով գույքահարկի պարտավորություններ չունենալու տեղեկանքի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել