Սուրեն Պապիկյանը Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է․

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին է ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։

Իր խոսքում նախարարն ընդգծել է Սյունիքի մարզի ռազամավարական նշանակությունն ու աշխարհագրական դիրքի կարևորությունը և նշել․

«Այսօր, առավել քան երբևէ, շատ կարևոր է, որ մարզի ղեկավարումը ստանձնի զինվորական փորձառություն ունեցող անձնավորություն, որը մեր սահմանների ամրության գործում ունի իր անձնական մասնակցությունը և գիտակցում է ժամանակի հրամայականը։ Այս դժվարին պահին իր ուսերին նման պատասխանատվություն վերցնելով՝ պարոն Պողոսյանը մեծագույն ծառայություն է մատուցում մեր պետությանը»։

Նախարար Պապիկյանը նորանշանակ մարզպետին և մարզպետարանի աշխատակազմին մաղթել է համատեղ արդյունավետ աշխատանք։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Սյունիքի նախկին մարզպետ Հունան Պողոսյանին՝ շուրջ երկու տարի մարզը ղեկավարելու համար, ինչպես նաև կարևորել է վերջին ամիսներին Սյունիքի համայնքների վճռորոշ դերակատարումը թիկունքի ամրությունն ապահովելու գործում։

Մելիքսեթ Պողոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ նշելով, որ Մեղրուց մինչև Գորայք անչափ կարևոր է Սյունիքի պաշտպանությունը ու ինքն անելու է ամեն հնարավորը այն ապահովելու համար։

Հունան Պողոսյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետին և շնորհակալություն հայտնել նախարար Պապիկյանին ու ներկաներին՝ համատեղ աշխատանքի համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել