ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է․
«Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում էր:
Իրականացվեց «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հատուկ պահնորդական ստորաբաժանման կազմավորումը: Աշխատակիցներն ընտրվել են տարածաշրջանի բնակավայրերից մրցութային կարգով:
Նոր կազմավորված հատուկ ստորաբաժանումը դեկտեմբերի 14֊ից եռօրյա հերթափոխով 24 ժամ հսկողություն է իրականացնելու:
Հսկողությանն է ծառայելու նաև Կովկասի բնության հիմնադրամի/ CNF/ կողմից նախկինում նվիրաբերված երկու Նիսան Պիկապ մակնիշի ամենագնաց մեքենաները:
Այցի ժամանակ նախարարը «Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստրատեգիական կարևորության օբյեկտ անվանեց` տարածաշրջանային, սոցիալական, մասնավորապես Արարատի մարզի` սոցիալ֊տնտեսական իմաստով։ Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց անտառ ՊՈԱԿ֊ի տնօրինությանը, ծառայության ղեկավարին, տնօրենին և փոխտնօրենին` նախագիծը կյանքի կոչելու համար և հույս հայտնեց, որ ամենակարճ ժամկետներում արդյունավետ աշխատանքի ցուցանիշներ կգրանցվեն։
Նախարարը կարևորեց ՊՈԱԿ֊ի համատեղ աշխատանքը իրավապահ համակարգի, Տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների հետ։
«Հատուկ ստորաբաժանման կազմակերպումը առաջնահերթ խնդիր էր մեզ համար, քանի որ ունեինք շուրջօրյա արագ արձագանքման ծառայության կարիք»,-իր խոսքում նշեց նախարարը։
Առանձնակի շեշտվեց նաև նոր մշակույթ կրող աշխատակիցների համալրման կարևորությունը։
Քննարկվեց նաև 2020 թվականի հոկտեմբեր ամսին տեղի ունեցած միջադեպի մանրամասները` կապված կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի մորթման հետ։ ՊՈԱԿ֊ի տնօեն Բորիս Բաղդասարյանը նշեց, որ ձեռք բերված փաստերով Քննչական կոմիտում քրեական գործ է հարուցվել։ Առկա է անհրաժեշտ համագործակցություն իրավապահ մարմնի և ՊՈԱԿ֊ի միջև։
Այսօր կարելի է խոսել որսագողության դեպքերի բացառման մասին, ինչը պայմանավորված է թե՛ հսկող, պահնորդական խմբի մեր աշխատկիցների անձնուրաց ծառայությամբ, և թե՛ ոլորտի իրավակարգավորումների կիրառմամբ»: