ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու, պահելու, դատապարտյալի պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2019թ. նոյեմբերի 9-ին դատապարտյալը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել է:
Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում վերջինիս պահպանությունն իրականացնող պահակախմբի անդամները, դատապարտյալի խնդրանքը չմերժելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մշտական հսկողություն չեն ապահովել նրա վարքագծի նկատմամբ, չեն բացառել նրա հաղորդակցումը բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժանձնակազմի և այլ անձանց հետ, չեն ապահովել հիվանդասենյակում նրա գտնվելը, թույլատրել են ազատ տեղաշարժվել և դուրս գալ հիվանդասենյակից, տեսակցել իր մտերիմներին և արգելված իրեր փոխանցել:
Պահակախմբի անդամների կողմից դիտավորությամբ իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու, այն է՝ հիվանդասենյակում մշտական հսկողության բացակայության, իր մոտ բջջային հեռախոսի առկայության պայմաններում դատապարտյալին հնարավորություն է ընձեռվել անարգել կապ հաստատել և տեսակցել այլ անձանց հետ, ինչի արդյունքում վերջինս ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի՝ 16.61 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց, ապօրինի պահել իր մոտ և 2019թ. նոյեմբերի 11-ին երեկոյան փոխադրել քրեակատարողական հիմնարկ, որտեղ հիմնարկի ծառայողների կողմից կատարված անձնական զննությամբ այն հայտնաբերվել և վերցվել է:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Արմավիր» ՔԿ հիմնարկի դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ավելի վաղ պահակախմբի անդամներին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահել) 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով, որի նախաքննություն ավարտվել է դեռևս 2020թ. հունվարի 20-ին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: