«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հարցարզրույց է տվել Կենտրոն հեռուստաընկերությանը, որտեղ, անդրադառնալով Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, ասել է․
«Ես իմ համաձայնությունը տվել եմ, քանի որ Վազգեն Մանուկյանը մասնակցել է անկախ պետության ստեղծմանը, եղել է առաջին վարչապետը, պաշտպանության նախարարը։ Նա փորձ ունի, ճգնաժամային վիճակին ծանոթ է և կարող է դուրս գալ իրավիճակից»։
Իսկ թե ինչու չի առաջադրել իր թեկնածությունը, Ծառուկյանը պատասխանել է․
«Դա իմ անձնական որոշումն է եղել այս պահի համար։ Իսկ հետագայում առիթ կլինի, ժամանակը կլինի, կխոսենք»։
Խոսելով իրեն կալանավորելու և երկրում ստեղծված իրավիճակի մասին՝ Գագիկ Ծառուկյանն ասել է․
«Նրանք գործ հարուցեցին ընտրակաշառքի հետ կապված, որը որևիցե կապ չուներ ինձ հետ, այն, որ ես կարող եմ խոչընդոտել քննությանը, ամբողջ անվտանգությունը թողեցին ու մոտավորապես 100 քննիչ, որ իմ կուսակցականներին տանելով բերելով, սա էր հիմնական հարցը, որ քաղաքական հետապնդում էր։
Ինձ համար ցավալի է։ Ցավալի է, որ եթե մենք կարողանայինք սա ուղղել, հանդիպել, քննարկել քայլերը, հնարավորություններն օգտագործելով այս ճակատագրին չէինք արժանանա։ Կամ չեն հասկացել, դատարկ ղեկավարում է, կամ միտումնավոր են արել։ Էսօր նույնը ծառացած է Հայաստանի գլխին, նույն կառավարությամբ, նույն կազմով նույը լինելու է մեզ հետ, ոչ մի ներդրող չի լինելու, կորցնելու ենք Սյունիքը։ Հիմա Սոթքը, եկել կանգնել է, ասում է հլը մի երկու կիլոմետր հետ գնացեք։ Հո մենք անտեր չենք։ Այսօր թույլ մարդուն ոչ մեկը բանի տեղ չի դնում։ Էսօր ուժեղի հետ են հաշվի նստում կամ որ կողքին ուժ է լինում»։