Արտակ Բեգլարյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինայի հետ. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են.

«Արտակ Բեգլարյանը հանդիպել է «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինայի հետ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 10-ին հանդիպել է իրաքյան եզդի գրող, իրավապաշտպան ակտիվիստ, «Ավրորա» մարդասիրական մրցանակի 4-րդ դափնեկիր Միրզա Դինայի հետ:

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի դեմ իրականացված պատերազմական հանցագործությունները և ընդգծել, որ չնայած աղաղակող վայրագություններին և իր բոլոր կոչերին՝ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան համայնքը պատշաճ չի արձագանքել մարդկության դեմ այդ հանցագործությանը և ժամանակին գործնական քայլեր չի ձեռնարկել մարդասիրական աղետը կանխելու ուղղությամբ:

Անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային հանրության պարտավորությունն ու աջակցելու անհրաժեշտությունը զոհվածների մարմինների ու գերիների վերադարձի, ինչպես նաև տեղահանված և անօթևան մնացած մարդկանց խնդիրների լուծման հարցում: Միրզա Դինայը շեշտադրել է, որ անվերապահորեն սատարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման ու այլ իրավունքների պաշտպանության պայքարին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու նաև ադրբեջանա-թուրքական ագրեսիայի պատճառով ստեղծված մարդասիրական աղետի հետևանքների վերացման աշխատանքներին: Պաշտպանի ուղեկցությամբ Միրզա Դինայը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել