Իրենց տունը կորցրած արցախցիները 250 000 դրամի չափով միանվագ դրամական օգնություն կստանան

Կառավարությունը այսօր որոշում կընդունի Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին։

Միջոցառման նպատակն է` սոցիալական աջակցություն տրամադրել բնակչության պետական ռեգիստում Արցախի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված քաղաքացիներին, այդ համայնքներում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո հաշվառված երեխաներին (բացառությամբ այն դեպքի, երբ երեխան 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ հաշվառված է եղել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով), եթե անձը (քաղաքացին կամ երեխան) 2020 թվականի նոյեմբերի 16–ի դրությամբ փաստացի գտնվում է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում։
Սույն կետում նշված անձը (քաղաքացին կամ երեխան) հանդիսանում է սույն միջոցառման շահառու, եթե Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով նրա հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։

Սույն միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառուները։

Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով։

Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։

Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Սույն միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել