ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Օրակարգում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող ծրագրերին ու համագործակցության հնարավոր ընդլայնմանը վերաբերող հարցերն էին: Նախարար Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործունեության և նախարարության հետ համատեղ ծրագրերի կարևորությունը: ԿԳՄՍ նախարարը, փաստելով պատերազմի և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քայլերը, առաջարկել է դիտարկել մշակույթի ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:

«Այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող հայկական մշակութային և կրոնական հուշարձանները ոչնչացվում են, աղավաղվում: Ադրբեջանի կողմից տարվող մշակութային ցեղասպանության քաղաքականությունը միջազգային նորմերի խախտում է և հակասում է համամարդկային արժեքներին»,- ասել է Վ. Դումանյանը և հավելել, որ հայկական մշակույթի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանման նախաձեռնություններում ակնկալում է նաև ԱՄՆ դեսպանատան աջակցությունը:

Դեսպան Լին Թրեյսին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել համագործակցությունը և Հայաստանին օգնել հնարավորինս արագ հաղթահարել հետպատերազմյան շրջանի դժվարությունները:

Նախարարն ու դեսպանն անդրադարձել են նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում իրականացվող բարեփոխումներին, քննարկել ներառական կրթության բարեփոխումների ռազմավարությանն առնչվող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ նախարարությունն այդ բնագավառներում կայուն զարգացում ապահովելու նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը և այս տեսանկյունից ևս կարևորվում է ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել