ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը քայլ անգամ չեն նահանջելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից․ հայտարարություն

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել․

«ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, պատերազմի սանձազերծմանը հաջորդող շաբաթների ընթացքում պարբերաբար հրապարակում էր ամփոփագրեր, որոնց նպատակն էր կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները՝ ըստ տարածաշրջանների։

Սեպտեմբերի 27-ին հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում նոր թափով ձեռնամուխ եղան Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական աշխատանքի համալիր գործիքակազմեր։

Այս ամբողջ ընթացքը, որը Հայ դատի հանձնախմբերի եւ գրասենյակների գործունեության առավել քան 75ամյա պատմության հատկանշական հանգրվաններից էր, արդյունավորվեց կարևոր ձեռքբերումներով, Արցախի և Հայաստանի միջազգային բարեկամների շրջանակների շեշտակի աճով, նոր հարաբերությունների հեռանկարներով։ Այդ ամենը այժմ ուսումնասիրվում է, կատարվում են համապատասխան վերլուծություններ և գնահատակեններ։ Դրանք պատշաճ պահին կներկայացվեն հասարակությանն ու շահագրգիռ կողմերին։

Ցանկանում ենք գոհունակություն հայտնել մեր հանձնախմբերին ու գրասենյակներին՝ անհուն նվիրումով դժվար պահին հայրենիքի շահերի պաշտպանությանը լծվելու, կատարված հմուտ և արհեստավարժ աշխատանքի, համայնքային կյանքը աշխուժացնելու համար։

Սիրելի հայրենակիցներ,

նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի սպասարկման առումով ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ։ Այսու մեր նախընթաց քաղաքական ծրագրավորումները և ձեռնարկների նախագծերը վերարժևորման կարիք ունեն, սակայն միայն մարտավարական առումով։ Մեր ռազմավարական նպատակները և ապագայի տեսլականը շարունակում են անփոփոխ մնալ։

Դատապարտելով Հայաստանի վարչապետի կողմից ամոթալի փաստաթղթի ստորագրմանը հանգեցրած գործողությունները և դրանք գնահատելով որպես աղետաբեր մեր ժողովրդի և պետության համար, միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չի՛ նահանջելու մեր ժողովրդի իրավունքների հետապնդպան և պաշտպանության իր գործունեությունից։ Ստեղծված իրավիճակում մենք մանրակրկիտ և մասնագիտական քննարկման ենք ենթարկում առկա տարածաշրջանային և միջազգային քաղաքական իրավիճակը, բազմաթիվ պետությունների ներպետական գործընթացներն ու արտաքին քաղաքական դիրքորոշում­ները, որպեսզի նոր պայմաններում կարողանանք առավելագույն արդյունավետությամբ սպասարկել մեր ժողովրդի արտաքին քաղաքական շահը։

Մեր առաջիկա աշխատանքների ծիրի մեջ շարունակելու են լինել հատկապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, տարածքային ամբողջակա­նության վերականգման, միջազգային բարեկամների շրջանակի շարունակական ընդլայնման և նրանց տեղում տարբեր ծրագրերում ընդգրկելու աշխատանքները, ինչպես նաև Արցախի մեկուսացումը ճեղքելու, երիտասարդության կրթության իրավունքի իրացման, համայնքային զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլերը։

Նոյեմբերի 10-ին հաջորդած ժամանակահատվածում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը։ Այս առումով հատկանշական են Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Բելգիայի Դաշնային Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը։ Այս ընթացքում շարունակաբար ընդյալնվում է Արցախի բարեկամների շրջանակը․ այս ոլորտում դրական արդյունքներ ունենք հատկապես Հունաստանում և Կիպրոսում։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկման առարկա լինեն աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում, հատկապես՝ Միացեալ Թագավո­րության խորհրդարանի ստորին պալատում եւ Կանադայի խորհրդարանի վերին պալատում։

Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների կողմից շարունակվում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների եւ լրագրողների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ, որպեսզի նրանք տեղում ծանոթանան առկա իրավիճակին և առավել առարկայորեն կարողանան օգտակար լինել և/կամ իրավիճակը ներկայացնել միջազգային հանրաությանը։ Այս համատեքստում, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի կազմակերպմամբ դեկտեմբերի 2-6ը Հայաստան և Արցախ այցելեցին Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները։ Նրանք Արցախի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ ունեցան, ինչպես նաև տեղում իրականացրեցին փաստահավաք աշխատանք։ Պատվիրակության անդամները հիմնականում ներկա ու նախկին խորհրդարանականներ էին։ Շարունակվել են նաև Արցախի Հանրապետության անկախության ապակենտրոն ճանաչմանն ուղղված աշխատանքները։

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության արդյունքների վերաբերյալ պարբերական և մանրամասն հրապարակումները կվերսկսվեն՝ հնարավորություն տալով մեր ժողովրդին, լրագրողական հանրույթին և մասնագիտական շրջանակներին ստանալու կենտրոնացված տեղեկատվություն ըստ տարածաշրջանների և սփյուռքյան համայնքնրի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել