Երեկ մինչև կեսգիշերն անց «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի, ինչպես նաև Արդարադատության փոխնախարարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի հետ աշխատում էին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած Ազգային ժողովի ուղերձի նախագծի վրա, որը, ըստ էության, նամակ է միջազգային դերակատարներին գերիների և պահվող անձանց վերադարձի մասին։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է պատգամավոր Մարիա Կարապետյանը։
«Տեքստը բարելավելու մեր շահագրգռվածությունը ըստ երևույթին ազդակ է հանդիսացել «Լուսավոր Հայաստան» խմբակցության համար, որ «Իմ քայլը» խմբակցությունը մասնակցելու է ուղերձի քննարկմանը, ավելին` կողմ է քվեարկելու ուղերձի տեքստին։ Եվ եթե իսկապես «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շահագրգռված լիներ դեպի միջազգային դերակատարներ այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, ապա պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին։ Սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով այստեղ, ըստ երևույթին, կորչում էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը։ Եվ օրը Ազգային ժողովում բացվեց սկանդալով։
Սա քաղաքական ձեռնարկատիրություն է։ Վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն։
Իսկ քվեարկությունը կեղծելու մասին պնդումների ընդամենը զրպարտություն են։ Ազգային ժողովի նիստը տեսագրվում է, իսկ քվեարկությունները` հրապարակվում Ազգային ժողովի կայքում»։