ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ձայնագրությանը։
«Երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկով տարածված ձայնագրության վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը բազմաթիվ հարցումներ է ստացել լրատվամիջոցներից, որոնք ցանկանում են պարզել՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է ձայնագրության մեջ պարունակվող քննարկումը, ե՞րբ է այն տեղի ունեցել, որտե՞ղ, և ինչո՞ւ մինչև հիմա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այդ մասին չի խոսել:
Հասկանալի չէ, թե ինչպե՞ս է դեռևս 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի՝ նեղ կազմով նախագահների հանդիպման ոչ հրապարակային զրույցը հայտնվել համացանցում: ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Bagramyan26 տելեգրամյան ալիքը հրապարակեց Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զրույցի ձայնագրությունը։
Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը՝ ասելով ինքը պատրաստ է 6 միլիարդ դոլար տալ Ալիևին, որպեսզի վերջինս հրաժարավի 7 շրջանից: